ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ՝ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Այսօր ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցի նախաձեռնությամբ տեղի ունեցավ անակնկալ և հաճելի այց լսարաններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթում հաղթող ճանաչված ուսանողներին շնորհավորելու և շնորհակալագրեր հանձնելու նպատակով։
Շնորհավորելով ուսանողներին՝ ռեկտոր Տ. Վանդունցը նշեց, որ այս հաղթանակը բուհի հաղթանակն է, և հանրապետական փուլում նման արդյունքներ գրանցելը մեծ պատիվ է ԳՊՀ-ի համար: Նա հույս հայտնեց, որ նրանց հաջողությունը վարակիչ կլինի մյուս ուսանողների համար և խթան կհանդիսանա նորանոր հաջողությունների ձգտելու համար:
Ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց լավագույն ուսանողներին՝ Մանե Արջունցին (Հումանիտար գիտությունների ոլորտ, 1-ին տեղ, բակալավրի կրթական ծրագիր, «Պատմություն», 4 -րդ կուրս), Անի Ղազարյանին (Հայագիտության ոլորտ, 1-ին տեղ, բակալավրի կրթական ծրագիր, «Հայոց լեզու և գրականություն», 3-րդ կուրս), Ռուզաննա Նավասարդյանին (Բնագիտական ոլորտ, 3-րդ տեղ, բակալավրի կրթական ծրագիր, «Կենսաբանություն», 3-րդ կուրս), Նազելի Ալեքսանյանին (Հասարակագիտության ոլորտ, 3-րդ տեղ, բակալավրի կրթական ծրագիր, «Տնտեսագիտություն», 4 -րդ կուրս)՝ մրցույթում հաղթելու, ակադեմիական բարձր պատրաստվածություն և հասարակական ակտիվություն դրսևորելու, ինչպես նաև Գորիսի պետական համալսարանը կրթագիտական հարթակներում արժանապատիվ և պատվաբեր կերպով ներկայացնելու համար:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին հաղթանակի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:









