ՆՇՎԵՑ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
Հոկտեմբերի 12-ին ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ ՓԲ ընկերության կողմից ՀԱՀ Շարունակական կրթության Գորիսի կենտրոնում առաջին անգամ նշվեց Հիդրոէներգետիկայի համաշխարհային օրը:
Միջոցառմանը ներկա էին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տ. Վանդունցը, ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր Զ. Գրիգորյանը, ԿՈԱ և ՈՒԿԱ բաժնի աշխատակից Ա. Գալստյանը, «Էլեկտրաէներգետիկա» և «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները: Ուսանողներն ակտիվ հարցուպատասխանի միջոցով մասնակցեցին «Մենք կարող ենք հիդրոէներգետիկայի հետ միասին» հանրային իրազեկմանը, որն ուղեկցվում էր Որոտանի ՏՏ ղեկավար Արամ Արեխցյանի լուսանկարների ցուցահանդեսով:
Միջոցառմանը ներկայացվեցին օրվա նպատակն ու առաքելությունը, Որոտանի հիդրոկասկադի օրինակով քննարկվեցին կայուն հիդրոէներգետիկայի առավելությունները, բնապահպանական և համայնքային ազդեցություններն ու դերը կլիմայի փոփոխության առկա մարտահրավերներին դիմակայելու գործում։
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին և նշեց, որ նման տեղեկատվական միջոցառումների անցկացումն ու անհրաժեշտությունը համայնքում՝ հատկապես երիտասարդ ուսանողների համար, կարևոր է: «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման հեռանկարների դիտարկման տեսանկյունից՝ անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել նմանօրինակ միջոցառումներ ոլորտի բազմակողմանի ուսումնասիրության և փորձի փոխանակման համար՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի ունեցած հնարավորությունները: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գորիսի պետական համալսարանը թողարկում է այս ոլորտում որակյալ մասնագետներ, մենք պատրաստակամ ենք շարունակել մեր համագործակցությունը գործընկեր կազմակերպության հետ՝ համայնքի զարգացման համար»,- շեշտեց ռեկտորը: