ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵԼԼԵՆԻԿ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԷՐԱԶՄՈՒՍ+ T-GREEN ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Ս.թ. հուլիսի 10-14-ը ԵՄ «էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպում` հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում Հունաստանի Հանրապետության Հելլենիկի միջազգային համալսարանում (Սալոնիկի) կայացած եռօրյա աշխատանքային այցին Գորիսի պետական համալսարանը ներկայացրին ռեկտոր Տիգրան Վանդունցը, պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ Լուիզա Վարդանյանը և արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանը։ Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ ԵՄ և ՀՀ բուհերի, գիտական և հասարակական կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ պատվիրակներ։

Աշխատաժողովի նպատակն էր ուսումնասիրել ԵՄ գործընկերների փորձը կրթության կայուն զարգացման ճանապարհային ազգային քարտեզի համար փաստաթղթերի մշակման նպատակով։

Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր կայուն զարգացման նպատակների և համընդհանուր քաղաքականության, ազգային և ինստիտուցիոնալ կանաչ քաղաքականության, կրթական կանաչ ծրագրերի մշակման՝ ԵՄ գործընկեր համալսարանների մոտեցումների, ՀՀ բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում մագիստրոսական կանաչ ծրագրերի արդյունավետ գործարկման և կայուն զարգացման հեռանկարների ու մարտահրավերի, դրանց ինստիտուցիոնալ քաղաքականության և իրավական շրջանակի մշակման ու վերանայման հարցերին:

Միջոցառման երկրորդ օրը կազմակերպվեցին խմբային քննարկումներ, ինչի միջոցով  առանձնաբար անդրադարձ կատարվեց հետևյալ երեք թեմաներին․

  1. «Կրթությունհանուն կայուն զարգացման-2030 շրջանակի» քարտեզի մշակում,
  2. Մասնագիտությունների ազգային ցանկի և լիցենզավորման պահանջների վերանայում,
  3. Կրեդիտային համակարգի միջոցով ուսումնական գործընթացի կազմակերպման ազգային կանոնակարգի վերանայում (ԿՓԵՀ)։

Հանդիպման ավարտին՝ երրորդ օրը, տեղի ունեցավ ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, որի ընթացքում ծրագրի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, արդյունքները և անելիքները։

Հարկ է նշել, որ աշխատանքային այցի ընթացքում ԳՊՀ պատվիրակությունը մի շարք առանձին հանդիպումներ ունեցավ ծրագրի ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով միջհբուհական համագործակցության հեռանկարները և հնարավորությունները՝ կարևորելով հատկապես ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության համար համալսարանների միջև երկարաժամկետ և ինստիտուցիոնալ միջբուհական համագործակցության համապարփակ պայմանագրերի կնքումը։

Facebook Comments