ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

2019թ. նոյեմբերի 14-ին Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր Վանո Եղիազարյանի նախաձեռնությամբ ՎՊՀ-ում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ մեծահամբավ միջնադարագետ, նարեկացիագետ Պողոս Մկրտչի Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին:
Գիտաժողովին մասնակցեցին գիտնականներ Հայաստանի, Արցախի, Իրանի, Իտալիանի, Գերմանիանի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հեղինակավոր բուհերից և գիտակրթական հաստատություններից (առկա և հեռակա ձևերով):
ՎՊՀ-ի մեծ դահլիճում գիտաժողովը բացեց և հյուրերին ողջույնի խոսք հղեց ՎՊՀ ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ գիտաժողովի կազմակերպիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վանո Եղիազարյանը՝ վստահեցնելով, որ գիտաժողովը կամրապնդի տարբեր երկրների ուսումնական ու գիտական հաստատությունների միջև կապերը՝ ծանոթացնելով գիտական նորույթներին և ավելի հանրայնացնելով դրանք: Գուգարաց թեմի առաջնորդի խոսքը ներկաներին փոխանցեց Տեր Վահան քահանա Ազարյանը:
Գիտաժողովին ներկայացվեցին նաև ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի ուղերձները՝ նշանավոր գիտնականի՝ Պողոս Խաչատրյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, ինչն էլ գիտական առաջատար ուժերը մեկտեղելու առիթ էր դարձել:
Լիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի հայ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Ազատ Եղիազարյանը(«Պողոս Խաչատրյանը իբրև միջնադարյան քնարերգության հետազոտող») և Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Վանո Եղիազարյանը(«Գագիկ Բ Բագրատունին և նրա «Հավատոյ գիր»-ը»):
Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 3 բաժանմունքներում՝ «Հին և միջնադարյան գրականության պատմություն», «Նոր գրականության պատմություն» և «Նորագույն գրականություն, գրական քննադատություն, թարգմանություն»:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեց նաև Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը:

Facebook Comments