ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԻԵՎՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՈՂԵՐՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ
Հոկտեմբերի 28-ին ՀԱԵ Ուկրաինայի Թեմի նախաձեռնությամբ Կիևի «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Ուկրաինայի հողերում Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին:
Համակազմակերպիչներն էին Լվովի Ազգային Արվեստի Ակադեմիան, Ուկրաինայի հայերի միությունը, «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցը և Կրոնագետների ուկրաինական ասոցիացիան:
ՀԱԵ Ուկրաինայի Թեմի հրավերով գիտաժողովին մասնակցել է նաև Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը: Նա հանդես է եկել զեկուցմամբ՝ «Հայ գրողները Ուկրաինայի մշակութային կյանքի համատեքստում»՝ ներկայացնելով և վերաարժևորելով հայ–ուկրաինական գրական կապերի ձևավորման ու զարգացման ընթացքը՝ սկզբից մինչև մեր օրերը՝ արդի հիմնախնդիրների վերհանմամբ՝ այդ համատեքստում ընդգծելով հայ գրողների դերը Ուկրաինայի հոգևոր-մշակութային արժեքների պահպանման, զարգացման ու հանրայնացման գործում:
Հայոց եկեղեցին Ուկրաինայում հնավանդ ու հարուստ պատմություն ունի: 13-րդ դարում Լվովում գործել է հայկական եպիսկոպոսություն։ 1830 թ.-ին կազմավորվել է հայկական եկեղեցու Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը, որը միավորել է ռուսական կայսրության արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանների, ինչպես նաև Ուկրաինայի հայկական համայնքները։ 1918 թվականին խորհրդային իշխանության հաստատումից հետո Ռուսաստանի հայկական թեմերը լուծարվել են՝ եկեղեցիները փակվել, մի մասն էլ ավերվել են։ Բեսարաբիան Ռումինիային անցնելուց հետո՝ 1918 թ.-ին, տեղի հայկական եկեղեցիները մտել են Ռումինիայի թեմի, իսկ ռուսահայ մնացած համայնքները Նոր Նախիջևանի թեմի կազմում են հայտնվել։ 1966 թվականին կազմավորվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը՝ միավորելով ԽՍՀՄ հանրապետության հայկական եկեղեցիների համայնքները, բացառությամբ Անդրկովկասինը։ Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը կազմավորվել է 1991 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի սեպտեմբերի 1-ի զեկուցագրով։ Նրա ջանքերով 1991 թ.-ին Ուկրաինայում սկսել է ազգային եկեղեցական կյանքի վերազարթոնքը։ Կարճ ժամանակ անց ծխական համայնքներ են ստեղծվել այն քաղաքներում, որտեղ չկային հայկական եկեղեցիներ։ 1997 թ.-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգսյանի հունվարի 13-ի կոնդակով Ուկրաինայի Հայոց Թեմը հոգևոր աշխարհում ճանաչում է ստացել և առաջնորդ է նշանակվել Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ուկրաինայի Հայոց Թեմն իր իրավասության տակ ունի պաշտոնապես գրանցված եկեղեցական համայնքներ Լվովում, Կիևում, Խարկովում, Օդեսայում, Բելգորոդ-Դնեստրովսկում, Թեոդոսիայում, Յալթայում, Եվպատորիայում, Սիմֆերոպոլում, Դնեպրոպետրովսկում, Նիկոլաևում։2015 թվականից թեմն առաջնորդում է Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի բարեշահ նախաձեռնությամբ էլ կազմակերպվեց պատմական այդ իրողությունների վերաարժևորմանը, Ուկրաինայի հողերում հայկական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյա ընթացքի, հայ համայնքի կյանքում ունեցած դերի գիտագործնական քննարկմանը նվիրված միջազգային նշանակության համաժողովը:Միջոցառումներին ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, Ուկրաինայի հոգևոր դասի, կառավարության, մշակույթի նախարարության և գիտակրթական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ ու մասնագետներ տարբեր երկրներից:Բացման և օրհնության խոսքով հանդես է եկել ՀԱԵ Ուկրաինայի Թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ամփոփ անդրադարձ կատարելով Ուկրաինայում հայոց եկեղեցու պատմությանը, դերին ու նշանակությանը՝ Սրբազանը ներկայացրել է միջոցառման նպատակը և հաջող ընթացք մաղթել գիտաժողովի աշխատանքներին:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: «Հայոց եկեղեցին իր պատմության երկարատև ճանապարհի վրա, մշտապես եղել է հայրենիքի ու ժողովրդի գոյության, արտերկրում ապրող հայության ինքնության պահպանման և, մանավանդ, նրա համախմբածության ու միասնության գաղափարի ջատագովն ու մարմնացումը,- իր խոսքում նշել է դեսպանը և հույս հայտնել, որ բազում մարտահրավերներով լի այս բարդ ժամանակաշրջանում Ուկրաինայում Հայ Առաքելական Եկեղեցու Թեմը Մարկոս Սրբազանի առաջնորդությամբ կշարունակի անմնացորդ նվիրումով ծառայել մեր հայրենիքին ու ուկրաինահայությանը՝ ի շահ մեր համազգային կարևորագույն ծրագրերի ու նպատակների իրագործման։ Գիտաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին ողջունել են նաև Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք: Գիտաժողովի համակազմակերպիչ, Լվովի Արվեստի ազգային ակադեմիայի ամբիոնի դոցենտ, հայագետ Իրինա Գայուկի դիտարկմամբ՝ «Գիտաժողովի նպատակը առաջին հերթին Ուկրաինայում հայկական եկեղեցիների ուսումնասիրության և հետազոտության որոշ նոր կողմերը բացահայտելն է։ Հարցերի շրջանակը, ընդհանուր առմամբ, այն ամենն է, ինչը վերաբերում է Ուկրաինայի հայկական սփյուռքին, մշակույթին, կրոնին, եկեղեցուն»:
Զեկուցումներ են ներկայացվել հետևյալ թեմաների շուրջ՝ «Հայկական Առաքելական Եկեղեցին Ուկրաինայի ժամանակակից կրոնական լանդշաֆտում»– Ա. Մ. Կոլոդնիյ, փիլիս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Լ. Օ. Ֆիլիպովիչ, փիլիս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԿՈւԱ, Ուկրաինայի ԳԱԱ-ի կրոնագիտության բաժանմունք, «Հայերն Ուկրաինայում. ակնարկ»- Կլաուդ Մուտաֆյան, պատմ. գիտ. դոկտոր (Ֆրանսիա), «Սոֆիա Կիևսկայայի հայկական գրությունները. 2006-2020թթ. հետազոտությունների արդյունքները» – Վ.Վ. Կորնիենկո, պատմ. գիտ. դոկտոր, «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցի գիտական գծով փոխտնօրեն, «Իշխանուհի Աննա Ծիրանածինը Սոֆիա Կիևսկայայի որմնանկարներում» – Ն.Մ. Նիկիտենկո, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցի «Սուրբ Սոֆիա ինստիտուտ»-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, «Աննա Ծիրանածնի որդիներ Բորիսն ու Գլեբը Կիևի Կիրիլովյան եկեղեցու կերպարվեստում» – Ի. Ե. Մարգոլինա, պատմ. գիտ. թեկնածու, «Սոֆիա Կիևվսկայա» Ազգային Արգելոցի «Սուրբ Սոֆիա ինստիտուտ»-ի գիտահետազոտական ենթաբաժնի վարիչ, «Հայկական եկեղեցին Եվրոպայի արևելքում ХІІІ-ХVIդդ..» – Օ.Լ. Օսիպյան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ, Բեռլինի Ազատ Համալսարանի (Freie Universität Berlin) հրավիրված հետազոտող (Գերմանիա), «Բարերարությունը Ուկրաինայի հայկական սփյուռքի միջավայրում՝ պատմական հեռանկարում», Ի. Յա. Հայուկ, փիլիս. գիտ. թեկնածու, Լվովյան Ազգային Արվեստի Ակադեմիայի արվեստի մենեջմենթի ամբիոնի դոցենտ (Ուկրաինա), «Հայ գրողները Ուկրաինայի մշակութային կյանքի համատեքստում», բան. գիտ. թեկնածու, դոցենտ, Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր (Հայաստան), «Հայկական եկեղեցին Ստանիսլավովում/Իվանո-Ֆրանկովսկ և նրա պատմությունը XIX-XXդդ.» – Վալդեմար Դելուգա, Պրոֆ. Օստրավայի համալսարանի պրոֆեսոր, Չեխիա), «Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության պատմությունից (1840-1852թթ.)» – Ս.Ս. Միրզոյան, պատմ. գիտ. թեկնածու (Հայաստան), «Գրիգորի Միխայիլի Աբգարյան – առաջինն ու վերջինը…» – Կ. Պիվովարսկայա, պատմ. գիտ. թեկնածու, Պոլտավայի մասնագիտական կոոպերատիվ քոլեջի իրավագիտության ամբիոնի դոցենտ (Ուկրաինա):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին ուկրաիներենը, անգլերենը, ռուսերենը: Զեկուցումներն ուղեկցվել են ակտիվ քննարկումներով ու սալիկաշարերով:
Գիտաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև Իրինա Գայուկի «Ուկրաինական հողերում հայկական եկեղեցու կրոնական կենտրոնների պատմական համայնապատկեր» ուկրաիներեն գրքի(Լվով, 2021թ.) շնորհանդեսը։ Գիրքը, որը տպագրվել է ՀԱԵ Ուկրաինայի Թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ներկայացնում է Ուկրաինայի տարածքում գտնվող հայկական բոլոր եկեղեցական կենտրոնների՝ և՛ ուղղափառ, և՛ քաղկեդոնական, և՛ կաթոլիկ, պատմական զարգացման համայնապատկերը և արդի վիճակը: Հրատարակությունն ունի տեղեկատվական-ուղեցուցային բնույթ և նախատեսված է կրոնագետների, պատմաբանների, ազգագրագետների և ընթերցողների լայն շրջանակի համար։
Գիտաժողովի շրջանակներում «Սոֆիա Կիևսկայա» Ազգային Արգելոցում բացվել է նաև «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն և արդիականություն» խորագրով ցուցահանդեսը (հեղինակ՝ Իրինա Գայուկ), որտեղ ցուցադրված են թեմային վերաբերող թանգարանային բացառիկ նմուշներ:
Ամփոփելով միջոցառումները՝ ՀԱԵ Ուկրաինայի Թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը մեկ անգամ ևս շեշտել է գիտաժողովի կարևորությունը, որպես այդպիսին՝ աննախադեպ լինելը, որակյալ մասնագետների ներգրավումը, նրանց կատարած հետազոտությունների արժեքայնությունն ու գիտական արդյունքների բազմակողմանիությունը՝ շնորհակալություն հայտնելով բանախոսներին, համակազմակերպիչներն և մասնավորապես անվանի հայագետ, թեմատիկ դաշտում արժեքավոր աշխատությունների հեղինակ, Լվովի Ազգային Արվեստի Ակադեմիայի արվեստի մենեջմենթի ամբիոնի դոցենտ, փիլիս. գիտ. թեկնածու Իրինա Գայուկին:
Միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են նաև պատմաճանաչողական շրջայցեր: Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին ժողովածուով:
Պատմական հիշարժան անկյունադարձը նման միջոցառումներով հանրահռչակելը չափազանց կարևոր քայլ էր՝ ՀԱԵ Ուկրաինայի Թեմի հայապահպան բացառիկ դերի արժևորման, հայ-ուկրաինական հոգևոր-մշակութային դարավոր կապերի ամրապնդման, Ուկրաինային ու Հայաստանին հոգեպես միավորող պատմական նշանավոր իրադարձությունների, ձեռքբերումների վերակոչման ու վերաիմաստավորման, նորօրյա առաջնահերթությունների ու մարտահրավերների մատնանշման տեսանկյունից: