ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2024 թ. հոկտեմբերի 7-11-ը կազմակերպում է միջազգային 10-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 105-ամյակին։

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ։

Գիտաժողովն անցկացվելու է առկա ձևաչափով։

Մասնակցության չափանիշները

Գիտական նստաշրջանին մասնակցելու հնարավորություն ունեն ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից և գիտահետազոտական այլ հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջանին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտական հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմնախնդիրների շուրջ:

Ինչպե՞ս դիմել

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սթ. օգոստոսի 20ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն ուղարկել ՈՒԳԸ էլհաս­ցեին՝ ysusss.conference@gmail.com:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական գնահատվելու պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջանին:

Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուներին կտեղեկացվի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:

Գիտաժողովի թեմատիկ ուղղությունները

  1. Աշխարհագրություն և երկրաբանություն
  2. Աստվածաբանություն
  3. Արևելագիտություն
  4. Գրականագիտություն
  5. Ժուռնալիստիկա
  6. Իրավագիտություն
  7. Լեզվաբանություն
  8. Կենսաբանություն
  9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ
  10. Մաթեմատիկա և մեխանիկա
  11. Մանկավարժություն
  12. Պատմություն
  13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա
  14. Սոցիոլոգիա
  15. Տնտեսագիտություն և կառավարում
  16. Փիլիսոփայություն և հոգեբանություն
  17. Ցեղասպանագիտություն
  18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ
  19. Քիմիա և ֆարմացիա

Հոդվածների հրատարակում

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին ներկայացված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում:

Գիտական պարբերականին տպագրության տրվող հոդվածի կազմման չափորոշիչները

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունն (ՈՒԳԸ) ամեն տարի նախապատրաստում է ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակվող «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականը, որտեղ տեղ են գտնում ուսանողների, ասպիրանտների, հայցորդների և երիտասարդ գիտնականների գիտական հոդվածները: Պարբերականն ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ)՝ ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում: Պարբերականի բոլոր համարները տեղադրվում են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքում՝ www.ssspub.ysu.am: «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»-ում տպագրության կարող են ներկայացվել բուհում կամ գիտահետազոտական կենտրոնում սովորող/աշխատող մինչև 35 տարեկան անձանց հայերեն, ռուսերեն և անգլերեն հոդվածները: Ներկայացված գիտական հոդվածն իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակ(ներ)ի կողմից կատարված ինքնուրույն հետազոտության արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ: Հոդվածի համակարգչային շարվածքը` Word 2007-2016: Ծավալը` 6 ամբողջական էջից մինչև 15 էջ: Տեքստի տառատեսակը՝ GHEA Grapalat: Առաջին էջի վերին տողի աջ մասում 12 տառաչափով թավ տրվում են հեղինակ(ներ)ի ազգանուն(ներ)ը-անուն(ներ)ը: Մեկ տող ներքև՝ տողի աջ մասում, 12 տառաչափով տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը/ստորաբաժանումը, կարգավիճակը (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, ասպիրանտ, հայցորդ և այլն): Մեկ տող ներքև 12 տառաչափով գրվում է «Գիտական ղեկավար՝» արտահայտությունը, այնուհետև գրվում են գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անվան առաջինը տառը և ազգանունը։ Մեկ տող ներքև 12 տառաչափով գրվում է «Էլ. փոստ՝» արտահայտությունը, այնուհետև ընդգծված տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող բաց թողնելով՝ տողի մեջտեղում, 12 տառաչափով, թավ գլխատառերով գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող բաց թողնելով` շարադրվում է հոդվածի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 12, միջտողային հեռավորությունը` 1.15, էջի ձևաչափը` Ա4, լուսանցքները ձախից` 30 մմ, աջից` 15 մմ, վերևից` 20 մմ, ներքևից` 20 մմ: 2 Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից: Նոր պարբերությունը պետք է սկսվի 1 սմ խորքից: Գրաֆիկներ/նկարներ/աղյուսակներ տեղադրելիս անհրաժեշտ է կիրառել տեխնիկական այնպիսի միջոցներ, որոնք հոդվածի տպագրական էջադրման ժամանակ կբացառեն հնարավոր աղավաղումները: Գրաֆիկները/նկարները/աղյուսակները պետք է տեղադըրվեն էջի մեջտեղում, նկարագրության տեքստի տառաչափը՝ 11։ Հղումները տրվում են հոդվածի բուն տեքստից հետո՝ թավ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» (ռուսերեն և անգլերեն հոդվածների դեպքում՝ համապատասխանաբար «СПИСОК ЛИТЕРАТУРЫ» և «BIBLIOGRAPHY») վերտառությամբ` 12 տառաչափով, միջտողային հեռավորությունը` 1.15: Հղումները պետք է հավասարեցվեն երկու կողմից: Հղման մեջ պետք է թավ ներկայացվեն ուսումնասիրված աշխատանքի հեղինակ(ներ)ի ազգանուն- (ներ)ը և անվան (հարկ եղած դեպքում՝ նաև հայրանվան) առաջին տառը, այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, էջ(եր)ը, որ(ոնց)ից կատարվել է հղումը: Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից հետո մեկ տող բաց թողնելով` 12 տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի ազգանուն(ներ)ը-անուն(ներ)ը: Մեկ տող բաց թողնելով՝ տողի մեջտեղում, 12 տառաչափով, թավ գլխատառերով գրվում է հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողի կենտրոնում թավ գրվում է «Բանալի բառեր՝» (ռուսերեն և անգլերեն հոդվածների դեպքում՝ համապատասխանաբար «Ключевые слова:» և «Key words:») արտահայտությունը, և տրվում են բանալի բառերը՝ 5-10 առանցքային բառ կամ արտահայտություն, որոնք հնարավորինս ամբողջականորեն արտացոլում են գիտական հոդվածի կամ դրա առանձին մասերի բովանդակությունը: Այնուհետև մեկ տող բաց թողնելով՝ 70-100 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփումը (նպատակը, խնդիրները, արդյունքը/եզրակացությունը): Հոդվածի հիմնական տեքստի սկզբում կամ վերջում երախտիքի որևէ խոսք զետեղվել չի կարող: Վերը նշված չափորոշիչներին չհամապատասխանող հոդվածները չեն տպագրվելու:

Facebook Comments