ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2020

Փետրվարի 17-ին ԿԳՄՍ-ում 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունն էր, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալները, բուհերի ռեկտորներ, ներկայացուցիչներ և ուսանողներ: Գորիսի պետական համալսարանից մրցանակաբաշխությանը ներկա է եղել պրոռեկտոր Թեհմինա Մարությանը։
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ նաև պատասխանատվություն և ձեռք բերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման:
ԳՊՀ-ի երկու ուսանողներ արժանացան «Տարվա լավագույն ուսանող» կոչմանը:
Բակալավրի կրթական ծրագրով հումանիտար ոլորտում 3-րդ կարգի մրցանակի արժանացավ ՈՒԳԸ նախագահ, «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հարութ Դավթյանը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով բնագիտության ոլորտում 3֊րդ կարգի մրցանակի արժանացավ «Մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Վանյանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորները և պրոռեկտորները:
Նշենք, որ մրցույթն անցկացվել է ըստ կրթական աստիճանների` բակալավր ու մագիստրոս, և ըստ 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ: Մրցույթում հաղթող են ճանաչվել 38 ուսանողներ, որոնք ներկայացրել են հանրապետության 16 բուհ: 1-ին տեղ է գրավել 13 ուսանող, որոնց կշնորհվի 415.000 դրամ, իսկ 2-րդ տեղ՝ 13 ուսանող, որոնք կստանան 305.000 դրամ կրթաթոշակ: 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 12 ուսանողի կշնորհվի 220.000 դրամ կրթաթոշակ: Բացի դրանից՝ ուսանողների համար նախարարությունը պատրաստել էր նվերներ՝ գրքերի տեսքով, որոնք տպագրվել են գերատեսչության դրամաշնորհներով:
Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի երաժիշտներից կազմված ջազային քառյակի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակի կատարումներով:








Facebook Comments