ՄԵՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարության ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ:
Մրցանակաբաշխությանը ներկա էր Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը։
ԳՊՀ-ի երկու ուսանողներ արժանացան «Տարվա լավագույն ուսանող» կոչմանը:
Բակալավրի կրթական ծրագրով հումանիտար ոլորտում 3-րդ կարգի մրցանակի արժանացավ ՈՒԳԸ փոխնախագահ, «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Հայկուշ Արզանյանը և բակալավրի կրթական ծրագրով բնագիտության ոլորտում 3-րդ կարգի մրցանակի արժանացավ «Կենսաբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Զախարյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնցից 16-ը՝ բակալավրի կրթական աստիճանով, իսկ 18-ը՝ մագիստրոսի: Նրա խոսքով՝ 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած 10 ուսանողի կշնորհվի 220.000-ական դրամ կրթաթոշակ:
«Սա լավ հնարավորություն է ուսանողների համար՝ զինվելու նոր գիտելիքներով և դրանք ծառայեցնելու մեր երկրի զարգացմանը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ մրցույթն անցկացվել է 7 ոլորտներում՝ բնագիտության, հասարակագիտության, հայագիտության, հումանիտար, բժշկության, ճարտարագիտության և մշակույթ-սպորտի:
Շնորհավորելով հանրապետության լավագույն ուսանողներին կարևոր ձեռքբերման համար՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն է և ձեռք բերածը նորովի վերարժևորելու ու հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման: Նրա խոսքով՝ մրցույթի նպատակն է բացահայտել ու խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Նախարարը կարևորել է, որ այս մրցույթի շրջանակում բուհերի ուսանողների միջև բարձրանա մրցակցությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի նրանց որակական առաջընթացին, հետաքրքրությունների ընդլայնմանը, ինքնադրսևորվելու հնարավորությունների խթանմանը և կարողությունների բացահայտմանը:
«Սիրելի՛ երիտասարդներ, դուք մարմնավորում եք մնացած բոլոր լավագույն ուսանողներին, քանի որ մեր հպարտությունը հանդիսացող ուսանողական բազմահազարանոց հանրույթը չի սահմանափակվում ներկա 34 ուսանողով. նրանք, վստահաբար, ավելի շատ են: Դուք եք մեր երկրի տերը, այն հզորացնող ուժը, մեր ապագան. կցանկանայի, որ յուրաքանչյուր երիտասարդ ունենար այս գիտակցումը: Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր լավագույն գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը: Ջանք մի՛ խնայեք ձեր նախընտրած ոլորտում կայանալու, նոր ասելիքով հանդես գալու, լավագույն ապագան կերտելու համար: Հատկապես մասնագիտական գործունեության դաշտում մեր երկրի առջև դրված խնդիրները պարտավոր ենք լուծելու, որպեսզի մեր ժողովուրդն ավելի բարեկեցիկ ապրի: Խոր ցավով եմ նշում, որ մեր ուսանողներից շատերն իրենց կյանքը չխնայեցին և հերոսացան Արցախյան պատերազմներում: Դուք այժմ կրկնակի եռանդով պետք է աշխատեք՝ տեր լինելով նաև նրանց գաղափարներին»,- նշել է նախարարը՝ ուսանողներին մաղթելով անսպառ եռանդ, բարձր պատասխանատվություն, սեր, նվիրում և մեծամեծ նվաճումներ նախընտրած ոլորտում։
Լավագույն ուսանողներին ողջունել են նաև Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների հավաստագրերը, ինչպես նաև նախարարության դրամաշնորհով տպագրված նվերները՝ գրքերը, հանձնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Մեր ուսանողներին շնորհավորել է նաև ԳՊՀ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտուշ Ղուկասյանը:
Գորիսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողուհի Հայկուշ Արզանյանը վստահեցնում է՝ մրցույթն ազդակ է բոլոր ուսանողների համար առավել խորքային զբաղվելու հետազոտական աշխատանքով և ուսումնառության ընթացքում ակտիվ լինելու:
Ի դեպ, մեր հայրենակից, ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող, ԵՊԲՀ ՈՒԽ ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ Նարեկ Շալունցը բժշկական համալսարանից միակ մրցանակակիրն էր, ով արժանացավ բժշկության ոլորտում 1-ին կարգի մրցանակի:
«Այս մրցույթը նոր խթան է մասնագիտական որակներում գագաթնակետին հասնելու առումով, որովհետև մեր հանրապետությունն այսօր լավագույն մասնագետների կարիք ունի: Կարևորում եմ, որ մրցույթի արդյունքում խրախուսվում են ոչ միայն առաջադիմությունը, այլև հասարակական և գիտական ակտիվությունը, որը ոչ միայն մասնագիտական որակների, այլև անձի՝ որպես անհատի կայացման գործում մեծ նշանակություն ունի»,- ասում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Նարեկ Շալունցը:
Հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներից և ուսանողներից բաղկացած տրիոյի և վոկալ կվարտետի կատարումներով:






Facebook Comments