ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ապրիլի 2-ին ԳՊՀ-ում մեկնարկեց «Ներգրավված քաղաքացի» պիլոտային դասընթացը, որը միտված է ինտերակտիվ ուսուցման մեթոդներով ուսանողների քաղաքացիական ակտիվության խթանման ուղիները բացահայտելու նորարարական ձևերի ուսուցմանը համալսարանական միջավայրում: «Ներգրավված քաղաքացի» դասընթացն իրականացվում է ԳՊՀ-ի և «Այ Էֆ Ի ԷՍ»-ի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում և մինչև այս պահը  ներդրվել է ՀՀ-ի 11 բուհերում: Դասընթացի մասնակիցներին ողջունեց ԳՊՀ ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը՝ ներկայացնելով կազմակերպության հետ համագործակցության շրջանակները և ծրագրի թեմատիկ ուղղվածությունը: «ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ այս ծրագիրը մշակվել է ակադեմիական մոտեցումների վրա հիմնված մեթոդաբանությամբ և իր բնույթով, այդ թվում՝ ինտերակտիվ ուսուցմամբ, համահունչ է ուսանողակենտրոն կրթության կազմակերպման մոտեցումներին և քաղաքականությանը»,- նշեց նա: Միջոցառմանը ներկա էր նաև «Այ Էֆ Ի ԷՍ»-ի քաղաքացիական կրթության ծրագրի ղեկավար Նարեկ Քրուզյանը, ով նույնպես ողջունեց դասընթացի մանսակիցներին և շնորհակալություն հայտնեց ԳՊՀ ղեկավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար: Դասընթացավարը ԳՊՀ գիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա. Դինունցն է: Վերջինս վերապատրաստվել է ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացված մասնագիտական զարգացմանն առնչվող դասընթացների միջոցով, որոնք վարել են ազգային ու միջազգային փորձագետները: Նա համառոտ ներկայացրեց դասընթացի օրակարգը և հույս հայտնեց, որ ուսանողները կցուցաբերեն ակտիվություն ու համարժեք ներգրավվածություն: Դասընթացի թեմատիկ պլանը և նյութերը, որոնք տրամադրվեցին ուսանողներին, մշակվել են միջազգային և տեղական փորձագետների կողմից: Դասընթացի բովանդակությունը հիմնված է տեսական, պատմական և գործնական գիտելիքների վրա, որոնք առաջարկում են ժողովրդավարության սկզբունքների գլոբալ և տեղական կիրառություններ: Դասընթացը կտևի մինչև մայիսի 27-ը: Այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

 

 

Facebook Comments