ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴԵՖՈՐՄԱՑՎՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԸ» IX ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԳՈՐԻՍՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Գորիսում մեկնարկեց «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» խորագրով IX միջազգային գիտաժողովը ՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյակին: Այն կազմակերպել են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, ՌԴԳԱԱ Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Արցախի պետական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանները:

Գիտաժողովին մասնակցելու համար Գորիս են ժամանել գիտնականներ Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Բելոռուսից և Ուկրաինայից:

Բացման խոսքում միջազգային գիտաժողովի մասնակիցներին ողջունեց  ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ.գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը։ «Գիտաժողովի կազմկոմիտեի անունից այստեղ՝ գեղատեսիլ Գորիսում, ողջունում եմ բոլոր մասնակիցներին։ Առաջին գիտաժողովը, որը կազմակերպվել էր հեռավոր 1983թ., անցավ այնպիսի բարձր մակարդակով, որ որոշվեց այն դարձնել ավանդական։ Այսօր հավաքվել ենք  իններորդ անգամ։ Բեղմնավոր աշխատանք եմ մաղթում բոլորիս»,-նշեց պրոֆեսորը։

Գիտաժողովի մեկնարկի առթիվ ներկաներին ողջունեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը` շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ մասնավորապես Գորիսի պետական համալասարանի ղեկավարությանը: Նա կարևորեց նման մակարդակի գիտաժողովների կազմակերպումը հեռավոր մարզերում։  Այդպիսի միջոցառումները խթանում են տարածաշրջանի գիտական ներուժը՝ այդ ոլորտում հաստատելով համագործակցության ու զարգացման նոր հնարավորություններ։ «Հին ժամանակներից ի վեր մեր երկրամասը եղել է գիտակրթական մտքի ծանրակշիռ կենտրոն, որտեղից գիտության լույսը տարածվել է ամբողջ Հայաստանում»,-նշեց մարզպետ Համբարձումյանը`մասնակիցներին մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, նոր մտահղացումներ ու գիտակրթական ձեռքբերումներ:

Գիտաժողովին ողջույնի խոսք ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ,  ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի վարիչ Լենսեր Աղալովյանը։ Նա նշեց, որ թեմատիկ գիտաժողովի աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվել է։ Տարիների ընթացքում գիտաժողովին մասնակցել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության մեծահամբավ գիտնականները։ Այսօր էլ այդ կապերը պահպանվում և ընդլայնվում են։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ Արա Ավետիսյանը նույնպես ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և ընգծեց, որ գիտությունը համազգային կատեգորիա է. «Տունն ավելի հեշտ է կառուցել, եթե կառուցում ես ընկերներով։ Համատեղ հետազոտությունները գիտությունը մղում են առաջ։ Եկե՛ք աշխատենք համատեղ և հաջորդ գիտաժողովին ներկայանանք նոր աշխատանքներով»։

Գիտաժողովի կազմկոմիտեի համանախագահ, ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ նշելով. «Մեզ համար մեծ պատիվ է, որ իններորդ գիտաժողովը, ինչպես դրան նախորդած բոլոր գիտաժողովները, անցկացվել են Գորիսում։ Ես հատկապես կարևորում եմ  մեծաթիվ երիտասարդ գիտնականների և ուսանողների մասնակցությունը։ Հուսով եմ, որ հաջորդ հավաքին նրանք ոչ միայն հանդես կգան որպես մասնակիցներ, այլև կներկայանան սեփական առաջարկություններով և ելույթներով»:  Ռեկտորը վստահեցրեց, որ կազմկոմիտեն կանի ամեն ինչ ոչ միայն գիտաժողովի կազմակերպչական բարձր մակարդակն ապահովելու, այլև մասնակիցների հանգիստը հետաքրքիր կազմակերպելու ուղղությամբ։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն հոկտեմբերի 3-5-ը` «Գորիս» հյուրանոցի նիստերի սրահում և Գորիսի պետական համալսարանում:

Գիտաժողովին հայ և արտասահմանցի գիտնականները կներկայացնեն լիագումար և բաժանմունքային 47 զեկուցումներ, ինչպես նաև 32 ստենդային զեկուցումներ` նվիրված մեխանիկայի արդի խնդիրներին, զարգացման միտումներին ու հեռանկարներին:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեծանուն հայորդի Շառլ Ազնավուրի հիշատակը։

         

Տե՛ս ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

Նոննա Միրզոյան

Facebook Comments