ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Գորիսի պետական համալսարանում մեկնարկեց 2019-2020 ուստարվա ամփոփիչ ատեստավորման առցանց գործընթացը: Այս ուսումնական տարում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, 16 մասնագիտությունների գծով ԳՊՀ-ն կթողարկի 317 շրջանավարտ:
Իրավիճակով պայմանավորված` ի լրումն գործող կարգերի` ԳՊՀ-ն հաստատել է 2019-2020 ուս.տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կազմակերպման անցումային (ժամանակավոր) դրույթներ, ըստ որոնց` ավարտական աշխատանքների պաշտպանությունները կազմակերպվում են առցանց` Zoom էլեկտրոնային հարթակում: Հանձնաժողովներն աշխատում են տեղում՝ հատուկ կահավորված լսարանում՝ պահպանելով համավարակի կանխարգելման բոլոր պայմանները, բացառությամբ այն անդամների, այդ թվում՝ նախագահի, որոնք տեղաշարժի սահմանափակման և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ հարգելի պատճառներով պաշտպանության գործընթացին հետևում են առցանց: Ե’վ հանձնաժողովները, և’ ուսանողները համապատասխան խորհրդատվություն են ստացել ամփոփիչ ատեստավորման առցանց կազմակերպման համար սահմանված ընթացակարգային դրույթների մասին, անդամները նախապես ծանոթացել են աշխատանքներին` կից փաստաթղթերով:
Այսօր տեղի ունեցան «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների գծով շրջանավարտների ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանությունները: Հանձնաժողովի նախագահը Արցախի պետական համալսարանի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու Գայանե Պետրոսյանն է: Չնայած ձևաչափի փոփոխությանը` պաշտպանություններն անցան սահուն, ակտիվ քննարկումներով, առանց տեխնիկական անհարթությունների:
Ամփոփիչ ատեստավորման գնահատումը, ըստ կարգով սահմանված ձևաչափերի, նույնպես իրականացվում է առցանց` յուրաքանչյուր մասնագիտության ու կրթաձևի համար Google Drive-ում ստեղծված միասնական հարթակում` Google docs, Google sheets առցանց գործիքների միջոցով:
Ամփոփիչ ատեստավորման գործընթացները Գորիսի պետական համալսարանում կտևեն մինչև հունիսի 14-ը: