ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Արցախի պետական համալսարանը, ի դեմս ռեկտոր Արմեն Սարգսյանի, մայիսին ԱրՊՀ-ում կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողովի շրջանակներում, ԳՊՀ-ի գրադարանին նվիրաբերել է «Արցախի ժողովրդագիտությունը» մատենաշարի քառահատորյակը ( Ստեփանակերտ, «ԱրՊՀ» հրատ., 2020 ), որը նվիրվում է Արցախի պետական համալսարանի հիմնադրման 50-ամյակին և ներառում է Արցախի ժողովրդագիտության երեք բնագավառներին՝ ազգագրությանը, բանահյուսությանն ու բարբառին վերաբերող և առնչվող այն հիմնական նյութերը, որոնք գրառվել ու հրատարակվել են հայ և օտարազգի տարբեր ազգագրագետների, բանագետների ու բանահավաքների, բարբառագետների, այլ բնագավառների գիտնականների, հասարակական ու եկեղեցական գործիչների, ճանապարհորդների, գրողների, Շուշի քաղաքի և որոշ գյուղերի ուսումնական հաստատությունների ուսուցիչների ու տեսուչների կողմից 19-րդ դարի կեսերից առ այսօր:
Սույն հատորներում ընդգրկված են հետխորհրդային շրջանում կատարված՝ Արցախի ազգագրությանը վերաբերող ուսումնասիրություններ, հոդվածներ, գիտական զեկուցումներ, ճանապարհորդական նոթեր, հուշագրություններ, ինչպես նաև Արցախի հարևան ազգագրական շրջաններին նվիրված Ս. Լիսիցյանի «Զանգեզուրի հայերը» և Հ. Հովսեփյանի «Ղարադաղի հայերը I Ազգագրություն» ուսումնասիրությունները:
Յուրաքանչյուր բնագավառին վերաբերող առաջին հատորի առաջաբանում տրվում է տվյալ բնագավառի ուսումնասիրության պատմությունը, իսկ եզրափակող հատորի վերջում՝ Արցախի ազգագրության ուսումնասիրության ամբողջական մատենագիտական ցանկը՝ ամփոփ նկարագրություններով:
Նյութերը, բացառությամբ բարբառով գրառվածների, ներկայացված են որոշակի խմբագրությամբ և սրբագրությամբ՝ ընդհանուր առմամբ համապատասխանեցնելով ուղղագրության և տառադարձության արդի սկզբունքներին:
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր համալսարանին՝ պատմագիտական մեծարժեք ուսումնասիրությունների հերթական նվիրատվության համար: