«ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԷՐԱԶՄՈՒՍ+. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ»
Այսօր «Էրազմուսյան օրեր-2023» միջոցառման շրջանակում ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժինը, համագործակցելով Հայաստանում եվրոպական երիտասարդ դեսպանների հետ, կազմակերպեց «Ճանապարհ դեպի էրազմուս+. հնարավորություններ՝ կրթության և զարգացման համար» խորագրով միջոցառումը, որի նպատակն էր թեմատիկ քննարկումների միջոցով անդրադառնալ ուսման և կարիերայի համար կարևոր հմտությունների ձեռքբերման անհրաժեշտությանը, նորարարական ու ստեղծագործ գաղափարների հայտնաբերմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների մասնակցությունը միջազգային կրթական ծրագրերում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը և անդրադարձավ «Էրազմուսյան օրեր» միջոցառմանը. «Այն հիանալի հնարավորություն է ցույց տալու մեր ներգրավվածությունը միջազգային համագործակցությանը և ընդգծելու Էրազմուս+ ծրագրի ազդեցությունը մեր համալսարանի միջազգայնացման վրա, որը բուհի ռազմավարական զարգացման կարևորագույն առաջնահերթություններից է»:
ԳՊՀ-ում ընթացող միջազգայնացման գործընթացին և Էրազմուսի շրջանակներում բուհում գործող ծրագրերին առնչվող տեղեկատվություն ներկայացրեց ԱԿՀԼ բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը, ընդծելով, որ միջազգային հարթակներում բուհի ներգրավվածության արդյունքում և ԵՄ ֆինանսավորմամբ, սկսած 2012 թվականից, հաջողությամբ մեկնարկել և իրականացվել է ՏԵՄՊՈՒՍԻ և ԷՐԱԶՄՈՒՍ-ի շուրջ 11 ծրագիր, ստեղծվել միջազգային դրամաշնորհներին դիմելու նոր հնարավորություններ, գործընկեր համալսարանների հետ լավագույն փորձի փոխանակումներ, նոր կրթական ծրագրերի, դասընթացների և մոդուլների մշակում և իրականացում, ինչպես նաև նոր լաբորտորիաների գործարկում:
ԳՊՀ ուսանողներ Մոնիկա Զիլֆուղարյանն ու Ալինա Վարդանյանը պատմեցին Էրազմուս+SAH (Կարողությունների զարգացում Ճարտարապետական ժառանգության կայունության համար) ծրագրի շրջանակում Հունաստանի Աթենք քաղաքում Աթենքի ազգային տեխնիկական համալսարանում (ԱԱՏՀ) տեղի ունեցավ մեկշաբաթյա դասընթացի մասին, որն, ըստ իրենց, հնարավորություն տվեց տեղում տեսնելու ճարտարապետական ժառանգության արժեքավոր վայրերի վերականգնման աշխատանքները, արդեն իսկ վերականգնված շենքեր և կառույցներ: «Վերապատրաստման դասընթացի կարևորագույն վերջնարդյունքներից է կոնսորցիումի անդամ համալսարանների ուսանողներից ձևավորել միջազգային թիմեր, որոնք կաշխատեն իրական նախագծերի վրա»,- նշեցին ուսանողները:
Միջոցառմանը քննարկումների և ակտիվ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանում «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչները խոսեցին Էրազմուս+ երիտասարդական փոխանակման ծրագրերի, ինչպես նաև իրենց հաջողությունների, ուսման և աշխատանքի ոլորտներում ձեռքբերած հմտությունների մասին: