ՀՅՈՒՐ ԷԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Հունիսի 4-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալել էր ԿԳ նախարարության հայտարարած «Լավագույն ուսանող» մրցույթի սյունեցի հաղթողներին: Գորիսի պետական համալսարանի ուսանողուհիներ Արուս Անդրիյանը եւ Մարիամ Գյուրջյանը մրցույթի բնագիտական ոլորտում 3-րդ տեղ էին գրավել Արուսը՝ մագիստրոսի, Մարիամը բակալավրի կրթական ծրագրով: Մրցույթում հաշվի են առնվում ոչ միայն ուսանողների բարձր առաջադիմությունը, այլեւ ընդհանուր ակտիվ գործունեությունը՝ հասարակական եւ բուհական, մասնակցությունը համաժողովների, սեմինարների, ծրագրերի, հրապարակված նյութերի առկայությունը եւ այլն: Հունան Պողոսյանը շնորհավորեց նրանց՝ նշելով, որ ուրախ է, որ ԳՊՀ-ն նման ուսանողներ ունի: Մարզպետը «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման» հիմնադրամի միջոցներով դրամական խրախուսանք հանձնեց հյուրերին եւ հորդորեց չբավարարվել ձեռքբերումով, այլ միշտ առաջ շարժվել ավելիին հասնելու համար: Ուսանողներն ու մարզի ղեկավարը զրուցեցին բուհական միջավայրի, կրթական համակարգի ներկա վիճակի ու թերությունների, դրա բարելավման մասին իրենց պատկերացումների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին: Ի դեպ, Մարիամը վերջերս նաեւ Իսպանիայում մասնակցել է կենսաքիմիայի միջազգային սիմպոզիումին: «Լավագույն ուսանողի» մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով հաղթող էին ճանաչվել ՀՀ 15 բուհերի 37 ուսանողներ՝ 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն եւ մշակույթ-սպորտ):

Աղբյուրը` http://syunik.mtad.am

Facebook Comments