ՀԱՆՁՆԻ՛Ր ԱՐՅՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ ՍՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲԱԲԱԽԵԼ

Դոնորության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 17-ին, Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կամավորներին: Տեղեկատվական հանդիպման ժամանակ ներկայացվեցին փաստեր արյան նվիրատվության կարևորության վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա էին համալսարանի դասախոսներ, ուսանողներ, Հայկական Կարմիր խաչի կամավորներ, «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան›› ՓԲԸ-ի մասնագետներ:
ԳՊՀ-ի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ Ս. Մանուչարյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը, որոնք հազարավոր կյանքեր են փրկում:
Նախաձեռնությանը միացել էր նաև Միսս Հայաստան-2021 Սոնա Դավթյանը. «Ես այսուհետև կհանդիսանամ դոնոր, և հաճախակի ու սահմանված ժամկետով անհատույց արյուն կհանձնեմ: Շատ կողջունեմ այն մարդկանց, ովքեր կմիանան ինձ՝ փրկելով շատերի կյանքը»,- ասաց գեղեցկուհին:
ՀԿԽԸ-ի աշխատակից Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց արյան դոնոր լինելու կարևորությունը, պատմեց դրա կենսական անհրաժեշտության մասին՝ շեշտելով հատկապես Սյունիքի մարզի՝ թիրախային ու սահմանամերձ գոտի լինելու հանգամանքը, որտեղ արյան պաշար ունենալը առաջնային կարևորություն ունի:
Այն հարցին, թե ովքեր և ինչ պարբերականությամբ կարող են արյան դոնոր հանդիսանալ, Սյունիքի մարզի արյան փոխներարկման կայանի թերապևտ Գ. Դավթյանը հանգամանալից ներկայացրեց բոլոր կետերը, իսկ բժշկուհի Ժ. Հայրապետյանը հավելեց. «Հարկ է նշել, որ արյան դոնոր լինելը լավ է ոչ միայն դրա կարիքն ունեցող անձանց համար, այլ նաև հենց իրենց՝ դոնորների համար»:
Հանդիպման ներկաները կիսվեցին իրենց ունեցած փորձով, պատմեցին 2020 թ.  պատերազմի ժամանակ մի քանի հազար վիրավորների մոտ ի հայտ եկած առողջական վիճակի բարդությունների, անհետաձգելի բժշկական օգնության դեպքում իրենց հանձնած դոնորական արյան՝ հիվանդների ապաքինման անփոխարինելի հնարավորության մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Comments