ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համալսարանական և գիտական համագործակցության կցորդ, Հայաստանի «Կամպուս Ֆրանս» կենտրոնի պատասխանատու Գարանս Լորանին:
Հանդիպմանը ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, նշեց, որ բուհը բաց է համագործակցությունների համար և պատրաստ է քննարկել յուրաքանչյուր գաղափար, որը կնպաստի բուհի հեղինակության բարձրացմանը, կրթության որակի ապահովմանը և միջազգային կապերի ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, բուհում գործող մասնագիտական կրթական ծրագրերի, ֆակուլտետների, Էրազմուս+ ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների, կարողությունների զարգացմանը միտված ծրագրերի, համալսարանների հետ համագործակցությունների, փորձի փոխանակման կարևորության մասին:
Ընդգծվեց հայ-ֆրանսիական բարեկամության նշանակությունը, ինչպես նաև կրթագիտական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Նշվեց նաև, որ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում համալսարանում ամեն տարի անցկացվում են բազմաբովանդակ միջոցառումներ՝ ուղղված ֆրանսախոսության տարածմանն ու խրախուսմանը:
Այցի շրջանակում ներկայացուցիչը հանդիպեց նաև ուսանողների հետ։ Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղելու ներկայացուցչին: Քննարկվեցին Ֆրանսիայում կրթություն ստանալու հնարավորությունները, կրթաթոշակային ծրագրերը, դրանց տրամադրման պայմանները, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերը, հեռավար ուսուցման և ուսումն աշխատանքի հետ համատեղելու ձևաչափերը, ինչպես նաև Ֆրանսիայում պրակտիկա անցնելու հնարավորությունները:













