ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՔԻ ՈՒ ԳՐՈՂԻ ՀԵՏ

ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի և ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-ին համալսարանում տեղի ունեցավ գրական հանդիպում արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի հետ:
Օրերս լույս է տեսել Դիանա Համբարձումյանի նոր վեպը՝ «Փեակների տարաբախտությունը», որը հեղինակը ցանկացել էր օր առաջ ներկայացնել սյունեցի ընթերցողին՝ այցելելով նախ Քաջարան, ապա Գորիս՝ ԳՊՀ-ի Օտար լեզուների ամբիոնի վարիչի՝ Լիանա Օհանյանի հրավերով հանդիպելու համալսարանի ուսանողության հետ:
Հյուրին ողջունեց ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը Դիանա Համբարձումյան գրողի ու գիտնականի հետ վառ տպավորություններ կպարգևի համալսարանականներին, կլինի օգտակար ու շարունակական՝ նաև գիտակրթական ծրագրերի իրականացման հեռանկարով:
Այնուհետև խոսեց օրվա հյուրը՝ անկեղծ զրույցի ձևով ներկայացնելով իր անցած ուղին, հետաքրքիր կենսական անկյունադարձերը՝ գիտական որոնումներից ու ինքնահաստատումից մինչև թարգմանական ու գրական ձիրքի բացահայտում, ինչն էլ իրեն մղեց գրիչ վերցնելու ու նաև ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություններ հեղինակելու: Դիանա Համբարձումյանը անդրադարձավ նորընծա վեպին՝ «Փեակների տարաբախտությանը», որը սպասում է իր ընթերցողին ու նրա անաչառ գնահատականին:
Վեպը լույս է ընծայել «Զանգակ-97» հրատարակչությունը, խմբագիրն ու առաջաբանի հեղինակը գրականագետ Հայկ Համբարձումյանն է: Թեման արտագաղթն է, հեղինակը ներկայացրել է Հայաստանի ու Շվեդիայի միջև երկփեղկված մի հայ ընտանիքի պատմություն՝ շոշափելով արդիական հարցեր: Թե որքանով է Դիանա Համբարձումյանին հաջողվել գեղարվեստական ու գաղափարական խորք տալ ընտրած նյութին, կդատեն ընթերցողներն ու գրաքննադատները: Իսկ առաժմ վեպը «նավարկում է» դեպի իր ընթերցողը՝ բարեպատեհորեն հանգրվանելով նաև Գորիսի պետհամալսարանի գրադարանում:
Հանդիպման վերջում խոսք ասաց ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պ/կ, գրականագետ Թեհմինա Մարությանը՝ շնորհակալութուն հայտնելով Դիանա Համբարձումյանին այցի համար, նոր վեպի համար, ոչ միայն մայրաքաղաքային, այլև մարզային կրթական ու մշակութային կառույցներին իր գրքերն ու գրական շունչը հասցնելու, գիտական ու գրական կապերը ամրապնդելու համար: Նա խնդրեց Դ.Համբարձումյանին շարունակական դարձնել այցերը՝ նաև իր մասնագիտական գիտելիքները փոխանցելու ուսանողներին և յուրովսանն օժանդակելու ԳՊՀ-ում նոր ներդրված «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը կայացնելու գործին:
Գրողին իր տպավորությունները փոխանցեց նաև համալսարանի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը, խոսեցին նաև ուսանողները:

                                                                                                                                                                                  Նոննա Միրզոյան

DSC_9530DSC_9542DSC_9557 (1)image (20)DSC_9565

նօր2

Facebook Comments