ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում հունիսի 12-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի(IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Քեմբրիջի համալսարանի մանկավարժության պրոֆեսոր Քլեր Բրուքը, Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր դոցենտ Քեյթ Թրիվը:
Հանդիպմանը ներկա էին նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, կրթական կլաստերի համակարգող Աննա Սարգսյանը։
Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ԳՊՀ ղեկավարության, մանկավարժական կրթական ծրագրեր իրականացնող ամբիոնների վարիչների և դասախոսների, ինչպես նաև համալսարանի վարչական կազմի հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվեց Գորիսի պետական համալսարանի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և տարածաշրջանային նշանակությունը։
Ռեկտոր Տիգրան Վանդունցը, ողջունելով հյուրերին, նշեց, որ համալսարանը Սյունիքի համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթօջախ է։ Ներկայացնելով բուհի պատմությունը՝ նա ընդգծեց, որ համալսարանը հիմնադրվել է 1967 թվականին՝ տարածաշրջանի դպրոցները որակյալ կադրերով ապահովելու, մասնագետներ պատրաստելու և երիտասարդության արտահոսքը կանխելու նպատակով: Նրա խոսքով՝ տարիների ընթացքում համալսարանի առաքելությունը չի փոխվել, իսկ հետպատերազմյան շրջանում այն դարձել է առավել արդիական, քանի որ մարզից դեպի մայրաքաղաք երիտասարդների արտահոսքը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։
Ներկայացնելով համալսարանի գործունեությունը՝ ռեկտորը նշեց, որ վերջին տարիներին, չնայած ուսուցչի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության որոշակի նվազմանը, իրականացվող բարեփոխումների շնորհիվ նկատելի է մանկավարժական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության աստիճանական վերականգնումը։ Այդ համատեքստում նա կարևորեց համալսարանի կողմից իրականացվող մասնագիտական կողմնորոշման աշխատանքները:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համալսարանում իրականացվող մանկավարժական կրթական ծրագրերը, ուսանողների ընդունելության առանձնահատկությունները, ինչպես նաև տարածաշրջանի դպրոցների հետ համագործակցության ուղղությունները։ Նշվեց, որ դպրոցները ԳՊՀ-ի կարևոր գործընկերներն են, որտեղ ուսանողներն անցնում են մանկավարժական պրակտիկա, զարգացնում մասնագիտական հմտությունները և հնարավորություն ստանում տեսական գիտելիքները կիրառելու գործնականում:
Քննարկման առանցքային թեմաներից էին նաև հեռակա ուսուցման կազմակերպումը, ուսումնառության և աշխատանքի համատեղման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային ծրագրերում համալսարանի ներգրավվածությունը։ Նշվեց, որ միջազգային համագործակցության ծրագրերը ոչ միայն նոր հնարավորություններ են ստեղծում դասախոսների և ուսանողների համար, այլև նպաստում են համալսարանի ենթակառուցվածքների բարելավմանը և կրթական միջավայրի շարունակական զարգացմանը։
Մանկավարժական կրթական ծրագրեր իրականացնող ամբիոնների վարիչների և դասախոսների հետ հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները հետաքրքրվեցին, թե ինչպես է ապահովվում առարկայական դասավանդման և մանկավարժական պրակտիկայի կապը, ինչպես են կազմակերպվում պրակտիկաները, ինչպես են ամբիոնները համագործակցում միմյանց հետ և ինչ փոփոխություններ են կատարվել կրթական ծրագրերում՝ պետական չափորոշիչների փոփոխություններին համահունչ: Անդրադարձ կատարվեց նաև ուսանողական պրակտիկաների կազմակերպման և գնահատման միջազգային փորձին։ Հյուրերը դրական գնահատեցին համալսարանի փորձը՝ նշելով, որ բուհում հաջողվում է տեսական գիտելիքը համատեղել գործնականի հետ՝ առաջնորդվելով ուսանողակենտրոն մոտեցմամբ:
Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին բուհի զարգացման առաջնահերթությունները, գիտահետազոտական գործունեությունը, միջազգային համագործակցության ուղղությունները և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետների պատրաստման մարտահրավերները։ Կարևորվեց այն հանգամանքը, որ սահմանափակ հնարավորությունների պայմաններում ԳՊՀ-ն շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ արձագանքելով տարածաշրջանի կրթական և սոցիալ-տնտեսական կարիքներին։
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը նշեց, որ մարզային բուհերի հետ իրականացվող հանդիպումների նպատակն է ընդհանուր պատկերացում կազմել ուսուցիչների պատրաստման ոլորտում առկա փորձի և կարիքների մասին։ Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ կրթական համակարգի կարևորագույն հարցերից մեկը ուսուցիչների պատրաստումն է, և կրթական կլաստերի ձևավորման գործընթացում այդ ուղղությունը լինելու է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:
Ամփոփելով այցի արդյունքները՝ կողմերը կարևորեցին փորձի փոխանակման և միջազգային համագործակցության ընդլայնման նշանակությունը՝ ընդգծելով, որ նման հանդիպումները նպաստում են լավագույն փորձի տարածմանը, կրթության որակի բարձրացմանը և գործընկերային կապերի ձևավորմանը։
Շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին՝ ԳՊՀ-ի ղեկավարությունը վերահաստատեց համալսարանի պատրաստակամությունը՝ շարունակելու իր առաքելությունը՝ աշխատաշուկան համալրելով մրցունակ և որակյալ մասնագետներով, նպաստելով տարածաշրջանի զարգացմանը և կանխելով երիտասարդության արտահոսքը։
















