ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ
Մայիսի 16-17-ին մայրաքաղաք Երևանում տեղի ունեցավ Հայ-ավստրիական կոնտակտային երկօրյա սեմինար, որի շրջանակներում մայիսի 16-ի հանդիպումը կայացավ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ մայիսի 17-ինը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում։
Սա Ավստրիայի համալսարանական պատվիրակության առաջին այցն էր Հայաստան, որը կազմակերպվել էր Ավստրիական Էրազմուս+ ազգային գործակալության (OeAD-GmbH) և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ: Գործընկերային այցի հիմնական նպատակն էր Էրազմուս+ դրամաշնորհների օգնությամբ ամրացնել ընթացիկ համագործակցություններն ու նոր կապեր հաստատել ավստրիական և հայաստանյան համալսարանների միջև։
Սեմինարի խնդիրներն էին՝
- կողմերին ծանոթացնել Ավստրիայի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկություններին,
- Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում նախաձեռնել ուսանողների (դասընթացներ, պրակտիկա) և բուհական անձնակազմի (դասավանդում, վերապատրաստում) երկկողմանի փոխանակումներ,
- Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրային նոր գաղափարներ մշակել և դիմել դրամաշնորհային մրցույթին,
- հայ մասնակիցներին ծանոթացնել Ավստրիայի զարգացման համագործակցության APPEAR ծրագրի հնարավորություններին:
Այցի շրջանակներում ներկայացվեցին համալսարանների ենթակառուցվածքներն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև մասնակից երկրների լավագույն փորձի օրինակները: Ավստրիական պատվիրակությունը բաղկացած էր 22 մասնակիցներից՝ 12 բուհերից և ազգային գործակալությունից, իսկ հայաստանյան կողմից հանդիպմանը մասնակցում էին 45 ներկայացուցիչներ՝ երևանյան և մարզային 20 բուհերից։
Կոնտակտային սեմինարին Գորիսի պետական համալսարանից մասնակցում էր Արտաքին կապերի և համագործակցության բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանը: Լինելով ԳՊՀ-ի ներկայացուցիչը՝ Ս. Ալավերդյանը երկօրյա հանդիպումների ընթացքում ավստրիացի մասնակիցների հետ միջհամալսարանական գործընկերային հարաբերություններ հաստատելու և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համաձայնագրեր նախաձեռնելու ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել:
Շնորհիվ Հայ-ավստրիական կոնտակտային սեմինարի՝ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համալսարանի միջազգային համագործակցության շրջանակները՝ ի հաշիվ Ավստրիական այն բուհերի, որոնց կրթական ծրագրերը համապատասխանում են ԳՊՀ-ի ծրագրերին, որոնք հետաքրքրված են ներգնա ուսանողական շարժունությամբ, ներգնա և արտագնա դասախոսական շարժունությամբ, կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերով: