ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է հայագիտական հրատապ, կարևոր ու հիմնարար աշխատությունների հրատարակության և հանրայնացման նպատակով 2024 թ. դրամաշնորհների տրամադրման մրցույթ։
Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝
1. հայագիտական հիմնարար աշխատությունների հրատարակություններ,
2. հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հրատապ և կարևոր աշխատությունների հրատարակություններ,
3. հայկական ինքնությանը վերաբերող աշխատությունների հրատարակություններ,
4. Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պատմության իրողությունների և հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը նպաստող օտարալեզու ուսումնասիրությունների հրատարակություններ,
5. Արցախի պատմության, մշակույթի և արդի փուլի իրադարձությունների աշխատությունների հրատարակություններ,
6. հայոց պատմության կեղծարարությանը, հայ մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված աշխատությունների հրատարակություններ:
Նախատեսվում է նաև հայագիտական բնույթի միջոցառումների կազմակերպման ֆինանսավորում հետևյալ ուղություններով՝
1. հայագիտական կադրերի պատրաստմանը ուղղված ամառային դպրոցների կազմակերպում,
2. գիտաժողովների և կլոր սեղանների անցկացում։

Մրցույթին պետք է ներկայացվեն հրատարակության պատրաստ աշխատություններ։

Մրցույթին չեն կարող ներկայացվել՝

  • հոդվածների և փաստաթղթերի ժողովածուներ,
  • գիտաժողովի նյութերի ժողովածուներ,
  • գիտական հանդեսների (պարբերականների) համարներ,
  • այնպիսի աշխատություն, որի հեղինակը հայտատուն չէ (բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվում է վախճանված հայագետի բարձրարժեք ստեղծագործություն),
  • Հիմնադրամի նախորդ մրցույթներին մասնակցած և ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։

Վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 5-ը hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկել համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձ­րա­գույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։

Հայտերը ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (վերջին երկու լեզուներով հայտերը ձևակերպելու դեպքում՝ նաև հայերենով), էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

Հայտի թղթածրարը՝ պահանջվող բոլոր փաստաթղթերով (ստորագրված և կնքված բնօրինակներ) էլեկտրոնային հայտը ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացվի Հիմնադրամի աշխատակազմին (Մարշալ Բաղրամյան պող. 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք, 1-ին հարկ, սենյակ 29):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝

–         էլեկտրոնային տարբերակով՝ 05.03.2024 թ.,

–         թղթային տարբերակով՝ մինչև 12.03.2024 թ.:

Նշված պահանջների չհամապատասխանող, թերի և հայտարարված թեմաներից դուրս հայտերը չեն քննարկվելու:

Պահանջներին համապատասխան ներկայացված հայտերի՝ մրցույթի թեմաներին համապատասխանության հարցը քննարկվելու է այդ նպատակով ստեղծված մասնագիտական խորհրդում: Խորհրդի դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր հայտ գնահատելու են երկու փորձագետներ՝ հատուկ մշակված հարցաշարերի միջոցով։ Հիմնադրամի կայքում մրցույթի արդյունքների հայտարարումից հետո ֆինանսավորման երաշխավորված հայտերի հայտատուների հետ կնքվելու են դրամաշնորհի պայմանագրեր:

Մրցույթի արդյունքները հայտատուներն իրենց հայտի մասով կարող են բողոքարկել արդյունքների հրապարակումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

Մրցույթի արդյունքները հայտարարվելու են մինչև 2024 թ. ապրիլի 15-ը:

Մասնակիցները մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ աշխատանքային օրերին (ժամը 09:00-18:00)՝ Հիմնադրամի էլ. հասցեին ուղարկված նամակի միջոցով կամ զանգելով +(374 93) 720055 հեռախոսահամարին։

Մրցույթի հայտը լրացնելու ուղեցույցը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝    http://haygithimnadram.am/materials.php?cid=29&arch=&langid=1

Facebook Comments