ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԵՎ ՄԿՐՏԻՉ ԽՐԻՄՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻՆ
Ապրիլի 27-28-ը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում տեղի ունեցավ հայագիտական միջազգային 4-րդ գիտաժողովը, որը նվիրված էր Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի և Մխիթարյան Միաբանության անդամ, ականավոր բանաստեղծ ու հայագետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակներին:
Գիտաժողովի կազմակերպիչն էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետը, համակազմակերպիչները՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինսիտուտը, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը:
Գիտաժողովին առցանց ձևաչափով մասնակցում էին մոտ հինգ տասնյակ գիտնականներ, ոլորտի մասնագետներ ՀՀ-ի և ՌԴ-ի 20-ից ավելի գիտակրթական կազմակերպություններից: Գիտաժողովի լեզուներն էին ռուսերենը, հայերենը, անգլերենը և ֆրանսերենը:
Լիագումար նիստին բացման խոսքով հանդես եկավ գիտաժողովի կազմակերպիչ, համանախագահ, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ավագ դասախոս, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Դոնարա Մկրտչյանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց:
Ողջույնի խոսքով հանդես եկան գիտաժողովի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Էրմիտաժի գլխավոր տնօրեն, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի դեկան Միխայիլ Պիատրովսկին, Ռուսաստանում Պատրիարքական էկզարխ, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Իրինա Պոպովան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Նիկոլայ Դյակովը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ հայագիտություն և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը, Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Օհանյանը, ՌԴ-ի «Ռուսական աշխարհ» հիմնադրամի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի տնօրեն, Ռուսաստանի Ա.Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանում Յունեսկոյի «Կրթությունը բազմամշակութային հասարակությունում» ամբիոնի դոցենտ Օլեգ Մուկովսկին և ուրիշներ:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը, ով հանդես եկավ «Ղևոնդ Ալիշանը Հակոբ Օշականի գնահատմամբ» թեմայով զեկուցմամբ:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում հնչած զեկուցումները հատկանշվում էին արդիականությամբ, գիտական նորույթներով և ընդհանուր առմամբ ապահովում էին հայ ականավոր հոգևոր ու մշակութային գործիչների հանրագիտակ վաստակի լուսաբանման համակողմանիությունը, վերահաստատում նրանց գործունեության գրապատմական բացառիկ դերն ու նշանակությունը:
Գիտաժողովի հոդվածների ժողովածուն մինչև տարեվերջ տպագրելու է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ ռուսերեն, միջազգային բարձր վարկանիշ ունեցող հրատարակությամբ (ինդեքս. РИНЦ-Российский индекс научного цитирования):
Գիտաժողովի ծրագիրը՝ տե՛ս այստեղ: Программа