«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ 4-ՐԴ ՖՈՐՈՒՄ
Ս.թ. ապրիլի 16-ին «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկեց որակի ապահովման 4-րդ ֆորումը, որը կրում էր «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագիրը: Երկօրյա համաժողովը կազմակերպվել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից։
Ֆորումին մասնակցում էին բուհերի և քոլեջների ներկայացուցիչներ, կրթության որակի ապահովման փորձագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից և Նիդեռլանդներից: Գորիսի պետհամալսարանից ֆորումին մասնակցեցին ԳՊՀ-ի Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ Գուրգեն Մինասյանը և ԳՊՀ-ի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս Անի Գալստյանը։
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծով որակի ապահովման լուրջ մեխանիզմներ են նախատեսվում: Արմատապես փոխվում են կրթության որակի ապհովման նախկին պատկերացումները, մասնավորապես, խնդիր է դրվում ինստիտուցիոնալ հավատարմագրումից անցում կատարել ծրագրային հավատարմագրման, որը ենթադրում է մասնագիտական մեծ աշխատանք: Նախագծով մագիստրոսական և ասպիրանտական կրթության ծրագրերում օտար լեզվով մասնագիտական դասընթացների պահանջ է դրվում: Սրանք լուրջ քայլեր են գիտության զարգացման և բարձրագույն կրթության հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Նա նշեց, որ առաջիկայում մեկնարկելու են ծրագրային հավատարմագրումները, որի շրջանակներում բուհերը պետք է հավաստեն, որ իրենց կրթական ծրագրերն ապահովում են նախատեսված վերջնարդյունքները, այն է` շրջանավարտները կարողանանում են շուկա մտնել որպես մասնագետ: Ծրագրային հավատարմագրման մեկնարկից առաջ որակի ապահովման 4-րդ ֆորումը քննարկում է, թե մասնագիտական ուսումնական հաստատությունները պատրաստում են միայն կրթված մարդ, թե նաև մասնագետ, իրականում որ բաղադրիչի վրա պետք է լինի շեշտադրումը, ինչ խնդիրներ կան մասնագետի պատրաստման ճանապարհին:
Անդրադառնալով նախաբակալավրական կրթությանը՝ Ռ․Թոփչյանը նշեց, որ այն կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ուզում են փոխել մասնագիտությունը: Ներկայում մարդիկ, ովքեր ուզում են մասնագիտություն փոխել, մագիստրատուրա են դիմում: Սակայն մագիստրատուրան բոլորովին այլ նշանակություն ունի: Նախաբակալավրական կրթությունը հնարավորություն կտա համապատասխան մասնագիտական հմտություններ ձեռք բերել կարճ ժամանակում և վերաորակավորվել:
Նախաբակալավրական մասնագիտական կրթությունը, որը ներառված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում, նորույթ է հայաստանյան կրթական համակարգի համար։
Ֆորումի շրջանակներում զեկույցներ ներկայացրեցին Նիդեռլանդների Տվենտեի համալսարանի Բարձրագույն կրթության քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Դոնալդ Վեսթերհեյդենը` «Նախաբակալավրական մասնագիտական կրթության դերը գիտելիքահենք տնտեսությունում» թեմայով, Մեծ Բրիտանիայի Բորնմութի համալսարանի դոցենտ, կրթության կառավարմանը նվիրված ութ գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ Ջենիֆեր Անն Մունը, ով զեկուցեց՝ ինչպես են Մեծ Բրիտանիայում ուսումնական հաստատությունները փոխկապակցում կրթության տարբեր մակարդակները, կրթական ծրագրերի վերջնարդյունքն ու ընթացիկ գնահատումը:
Ներկայացվեց բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մշակած մոդելը, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրումների երկրորդ շրջափուլում սպասվող փոփոխությունները:
Ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, կարևորելով ՈԱԱԿ նախաձեռնած մասնագիտական քննարկումները, առաջարկեցին տարվա մեջ մեկից ավել անգամ որակի ապահովման շահակիցների համաժողովներ կազմակերպել:
Ֆորումն ուղերձ էր դասախոսներին՝ առաջարկելու նորարարական մոտեցումներ, որոնցով կապահովեն ուսուցանող գնահատում, որպեսզի ուսանողը կիսամյակի ընթացքում ոչ թե մեկ անգամ քննություն հանձնի և այդքանով ավարտվի սովորելու գործընթացը, այլ շարունակաբար սովորի:
Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս Անի Գալստյան