«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ ԷՔՍՊՈ -2019» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ս.թ. ապրիլի 17-18-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Կրթություն և կարիերա էքսպո-2019» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա էին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գրիշա Թամրազյանը և ավելի քան 80 կրթօջախների՝ բուհերի, քոլեջների, ուսումնական կենտրոնների, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Չեխիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները:
Ցուցահանդեսին մասնակցեց նաև Գորիսի պետական համալսարանի ներկայացուցչական կազմը` Կրթության որակի ապահովման և ուսանողների կարիերայի աջակցման բաժնի մասնագետ Անի Գալստյանն ու Արտաքին կապերի և համագործակցության բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանը:
ԳՊՀ-ի աշխատակիցները ծանոթացան կրթության ոլորտի ներկայացուցիչների մատուցած ծառայություններին և զուգահեռաբար ներկայացրին կրթական այն ծառայությունները, որոնք դիմորդներին, շահակիցերին առաջարկում է Գորիսի պետհամալսարանը: Նրանք խոսեցին համալսարանում գործող ֆակուլտետների, առաջարկվող մասնագիտությունների, այդ մասնագիտությունների տարածաշրջանային պահանջարկի, բուհում գործող միջազգային ծրագրերի և  ծրագրերի արդյունքում իրականացված բարեփոխումների, ԳՊՀ-ի և այլ գիտակրթական հաստատությունների միջև գործող համագործակցությունների, բուհ-գործատու փոխհարաբերությունների և դրանց զարգացմանն ուղղված աշխատանքների մասին:
Ցուցահանդեսի այցելուներին բաժանվեցին «Կրթություն և կարիերա էքսպո-2019» թեմատիկ տեղեկագրեր, որի շապիկը նվիրված էր Գորիսի պետական համալսարանին:
Ըստ մասնակիցերի` նման ցուցահանդեսները կարևոր հարթակ են աշխատաշուկայի պահանջների ու կրթական հաստատությունների (հատկապես մարզային) կողմից առաջարկվող ծառայությունների ներկայացման, տարաբնույթ համագործակցությունների ստեղծման և գործնական հարաբերությունների կայացման համար:

Facebook Comments