ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Ս.թ. մայիսի 23-ին «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի և «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի և «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի կողմից ստորագրված հուշագրի հիմքում ընկերության և համալսարանի միջև գոյություն ունեցող համագործակցության շարունակականության ապահովումն ու ամրապնդումն է:
Նշենք, որ դեռևս 2017թ. համագործակցության շրջանակներում ընկերությունը ԳՊՀ-ում հիմնել է ժամանակակից ուսումնական սարքավորումներով հագեցած էլեկտրաէներգետիկայի լաբորատորիա, ինչպես նաև մշտապես նպաստել է ընկերությունում ԳՊՀ-ի ուսանողների մասնագիտական պրակտիկայի անցկացմանը:
Կնքված հուշագիրը նախատեսում է համագործակցության նոր որակ բուհի և ընկերության միջև: Կողմերն իրականացնելու են երկկողմանի հետաքրքրություններ ներկայացնող արդյունավետ համագործակցային ծրագրեր: Դրանք միտված են կազմակերպելու ուսանողների և դասախոսների վերապատրաստման դասընթացներ, խորհրդակցություններ ու քննարկումներ, աջակցելու ուսանողների պրակտիկաների անցկացման որակի բարելավմանն ու համատեղ քայլեր ձեռնարկելու ԳՊՀ-ի «Էլեկտրաէներգետիկա» և «Էլեկտրոնիկա» մասնագիտությունների ուսումնական պլանների, կրթական ծրագրերի վերանայման ու արդիականացման ուղղությամբ:
Ռեկտոր Ա. Ղուկասյանի գնահատմամբ համալսարանը երկար տարիներ մասնագետներ է պատրաստում էլեկտրաէներգետիկայի ոլորտում, սակայն ելնելով աշխատաշուկայի ժամանակակից պահանջներից` բուհը պետք է մշտապես հաշվի առնի մասնագիտական ոլորտում իրենց գործունեությունը ծավալող կազմակերպությունների տեսակետներն ու պահանջները:
«ԳՊՀ-ի «Էլեկտրաէներգետիկա» և «Էլեկտրոնիկա» մասնագիտությամբ ուսանողների ու դասախոսների համար չափազանց կարևոր է տարածաշրջանում այնպիսի խոշոր ընկերության հետ համագործակցությունը, ինչպիսին է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն: Հույս ունենք, որ կազմակերպության հետ համագործակցության արդյունքում կթողարկենք որակյալ և արհեստավարժ մասնագետներ», -նշեց Ա. Ղուկասյանը:
«ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը ևս կարևորելով հուշագրի ստորագրումն ու առկա համագործակցության ընդլայնումը` նշեց, որ սկիզբ դրված համագործակցությունը նոր հնարավորություն է գործընկերային հարաբերությունների զարգացման համար` համոզումով, որ այն մեծապես կնպաստի բուհի և իրենց ընկերության հետագա բարեհաջող գործունեությանը: Համագործակցությունն իրագործվելու է մի քանի ուղղություններով, որոնք միտված կլինեն փոխադարձ հետաքրքրություններ ունեցող ոլորտների զարգացմանը:
Համագործակցության հուշագրի վավերացումից հետո երկու կազմակերպությունները նախատեսում են մանրամասն քննարկել առաջիկա անելիքներն ու մշակել հետագա գործողությունների իրականացման պլան: