«ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԸՄԲՌՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ

Մայիսի 19-ին և 20-ին Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Կազմակերպական մշակույթի ըմբռնում և զարգացում» թեմայով:

Դասընթացը վարեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտ. գ. թ.  Սյուզաննա Պետրոսյանը:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին կազմակերպական մշակույթի բաղադրատարրերն ու մակարդակները, գործառույթները: Դասընթացավարն անդրադարձավ նաև կազմակերպական մշակույթի ձևավորման ճապոնական մոդելին, դրա առանձնահատկություններին, կառավարող և կառավարվող ենթահամակարգերի տարբերություններին: Շեշտվեց մշակութաբանական լիդերության կարևորությունը՝ որպես նոր աշխատողների սոցիալիզացման, ինչպես նաև կազմակերպության արժեքները պահպանելու և փոխանցելու արդյունավետ գործիք։

Դասընթացը ներառեց տեսական և գործնական մասեր։ Մասնակիցներն իրականացրին թեստ՝ պարզելու նրանց ներգրավվածությունն ու նվիրվածությունը կազմակերպական մշակույթի ձևավորման ու զարգացման գործընթացներին։ Գործնական առաջադրանքի ընթացքում մասնակիցները վերլուծեցին կրթական ու աշխատանքային միջավայրը, առանձնացրին կարևորվող արժեքներն ու շփման ձևերը։ Նրանք ներկայացրին նաև առաջարկություններ՝ ուղղված կազմակերպական մշակույթի շարունակական զարգացմանն ու բարելավմանը։

Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

 

 

Facebook Comments