ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Փետրվարի 24-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ խորհդի նիստ, որի օրակարգում Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի ընտրության, ԳՊՀ-ի ռեկտորի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվության և 2017թ.-ի եկամուտների ու ծախսերի նախահաշվի հաստատման, ինչպես նաև «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմակերպելու հարցերն էին: Նշենք, որ «Գորիսի պետականհամալսարան» ՊՈԱԿ-ի նոր կազմը հաստատվել էր ՀՀ վարչապետի 2017թ.-ի փետրվարի 3-ի N 87 – Ա որոշմամբ:
Նիստում, որը նախագահում էր ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Ս.Սիմոնյանը, խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց ԳՊՀ խորհրդի անդամ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով և փակ (գաղտնի)քվեարկության արդյունքներով ընտրվեց վերոնշյալ պաշտոնում:
Շնորհակալություն հայնելով խորհրդի անդամներին վստահության համար՝ Վ.Հակոբյանը ստանձնեց նիստի վարումը և անցավ օրակարգի հաջորդ հարցերի քննարկմանը:
ԳՊՀ ռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը հանդես եկավ Գորիսի պետական համալսարանի 2015-2016 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2017թ.-ի եկամուտների ու ծախսերի նախահաշվի հաստատման հիմնական ցուցանիշների մասին հաշվետու զեկույցով: Ռեկտորը ամփոփեց բուհի նախընթաց ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական տարին՝ միաժամանակ մատնանշելով 2017 թվականի խնդիրները, ծրագրերն ու անելիքները:
Պատմական համառոտ անդրադարձ կատարելով բուհի 50-ամյա ուղուն, հիմնական ձեռքբերումներին, կառավարմանն ու կառուցվածքին` ռեկտորն անդրադարձավ համալսարանի ուսումնամեթոդական գործունեությանը, դրա կազմակերպման ու կատարելագործման խնդիրներին, ուսանողական համակազմի աճման ու նվազման ցուցանիշներին, ուսումնական բեռնվածությանն ու հաստիքների տեղաբաշխմանը, ուսանողների ակադեմիական առաջադիմությանը, գործող մասնագիտությունների վերալիցենզավորման ու նոր մասնագիտությունների լիցենզավորման խնդիրներին, գիտահետազոտական գործունեությանը, կրթության որակի ապահովմանն ու կարիերայի զարգացմանը, հասարակայնության հետ կապերին, բուհի միջազգայնացմանը, ֆինանսատնտեսական գործունեությանը և այլ հարցերի: «Հաշվետու ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են կատարվել համալսարանի կառավարման համակարգի կատարելագործման, կառուցվածքային ստորաբաժանումների՝ արդիականության պահանջներից բխող փոփոխությունների, մասնագիտությունների վերալիցենզավորման, նոր մասնագիտությունների ներդրման, ուսումնական գործընթացի բարելավման, ներքին իրավական դաշտի կարգավորման, ֆինանսական կայունացման, բուհի միջազգայնացման և այլ ուղղություններով», – նշեց ռեկտորը և հավելեց, որ կրթության որակի բարելավման միջոցով ԳՊՀ-ն նախապատրաստվում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին:
ԳՊՀ-ի ռեկտորի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը և 2017թ.-ի եկամուտների ու ծախսերի նախահաշվի նախագիծը հավանության արժանացան ու հաստատվեցին խորհրդի կողմից:
Ռեկտորը խորհրդին ներկայացրեց նաև «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրամի վերակազմակերպելու օրախնդիր հարցը և «Գորիսի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության նախագիծը` հիմնավորելով բուհի ՊՈԱԿ կարգավիճակի փոփոխության անհրաժեշտությունը, նպատակները, առավելությունները: «Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ օգտագործելու իր գույքը, ներգրավելու արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության ու գիտության զարգացման: Զգալիորեն կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե մուծվող հարկերը: Պետությունը կպահպանի հիմնադրամին օգտագործման իրավունքով հանձնված գույքի ճիշտ, նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավունքը՝ պահպանելով նաև օրենքով նախատեսված կրթության ֆինանսավորումը պետական բյուջեից: Հիմնադրամն ինքն է սահմանում ձեռնարկատիրական գործունեության այն տեսակները, որոնցով կարող է զբաղվել, իսկ ՊՈԱԿ-ի դեպքում այդ ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը»,- նշեց ռեկտոր Ա.Ղուկասյանը և հավելեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել նաև այլ երկրների դրական փորձը, որտեղ բուհերը հիմնականում գործում են հիմնադրամի կարգավիճակով̀ ̀ պետության ու հասարակության առջև պատասխանատվությամբ ու հաշվետվողականությամբ:
Ըստ գործող կարգի` ԳՊՀ-ի խորհուրդը քվեարկությամբ ընդունեց օրակարգի հարցերը:
Եզրափակելով նիստը՝ Վ.Հակոբյանը ողջունեց ընթացիկ տարում բուհում իրականացված բոլոր բարեփոխումները՝ շնորհակալություն հայտնելով համալսարանի ռեկտորին ու աշխատակազմին՝ ծավալուն աշխատանքի համար:
Թ.ՄԱՐՈՒԹՅԱՆ
ԳՊՀ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ