ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
Խոր վշտով տեղեկացանք պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի hասարակական գիտությունների ամբիոնի ու Գորիսի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր, արցախյան ազատամարտի մասնակից Համլետ Գևորգյանի մահագույժի մասին:
Հ.Գևորգյանը ծնվել է 1951 թ. մարտի 1-ին Ապարանի շրջանի Մելիք գյուղում։ 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1970-1970 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1972-1974 թթ. որպես բանվոր աշխատել է Աշտարակում։ 1974-1979 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում։ 1979-1982 թթ. աշխատանքի է անցել Նաիրիի շրջանի թիվ 5 երեկոյան միջնակարգ դպրոցում՝ որպես ուսմասվար։ Միաժամանակ փիլիսոփայություն է դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1982-1991թթ. եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի հասարակագիտության ամբիոնի ավագ դասախոս։ 1991թ. ընտրվել է «Հայ շինական» բարեգործական միության նախագահ։ Զուգահեռաբար «Հայոց պատմություն» է դասավանդել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում։
Մասնակցել է Արցախյան պատերազմին։
1996թ-ին պաշտպանել է թեկնածուական, 2011թ-ին՝ դոկտորական ատենախոսություն։ 2012 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
1999թ-ից Հ.Գևորգյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ 2002թ-ից՝ համատեղության կարգով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս։
Հ.Գևորգյանի գիտամանկավարժական գործունեության վերջին շրջանը կապված է եղել նաև Գորիսի պետական համալսարանի հետ, որտեղ «Հայոց պատմություն» առարկայից հատուկ դասընթացներ է դասավանդել պատմության և իրավագիտության ամբիոնում։
Լինելով համալսարանում գործող «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի ավագ գիտաշխատող՝ Հ.Գևորգյանը մեծագույն ավանդ է ունեցել Սյունիքի պատմության տարաբնույթ հիմնահարցերի լուսաբանման գործում։
Հ.Գևորգյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային – ազատագրական պայքարի հիմնահարցերը:
Հեղինակ է 10 մենագրության։ Այդ թվում՝ «Նիկոլ Դուման» (Երևան, 2002, 2003), Դրո (Երևան, 1999, 2000, 2007, 2019), «Սեբաստացի Մուրադ» (Երևան, 2003,2019), «Սեդրակ Ջալալյան» (Երևան, 2009), «Ազատագրական պայքարի հերոսապատումից» (Երևան, 2006), «Էջեր հայոց ազատամարտի» (Երևան, 2005, 2010), «Պետոն» (Երևան, 1994, 2019), «Յապոն (Հովհաննես Պարոնյան). գործը և հուշերը» (Երևան, 2011) և այլն։ Հեղինակ է գիտաուսումնական երեք աշխատանքի և բազմաթիվ հոդվածների։
Գորիսի պետական համալսարանի ղեկավարությունը և աշխատակազմը իր ցավակցություն է հայտնում Համլետ Գևորգյանի հարազատներին և մերձավորներին։
Ազգանվեր պատմաբան, պրոֆեսոր Հ. Գևորգյանի հիշատակը միշտ վառ կմնա ուսանողների, դասախոսների և նրան ճանաչողների սրտերում։
ԳՊՀ ռեկտորատ
Պատմության և իրավագիտության ամբիոն