Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Ավարտվեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման առաջին փուլը:
Առաջին փուլում, որը տեղի է ունեցել ապրիլի 15-մայիսի 10-ը,  դիմորդները հայտագրել են մեկ բուհի մեկ մասնագիտություն՝ անվճար և վճարովի համակարգեր:
Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 1-ը: Այդ փուլում կկատարվի դիմում-հայտերի ընդունելություն, որին կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Նրանց հայտագրումը կատարվում է նույն` մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am  կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով:
Լրացուցիչ փուլի հայտագրումը կատարվելու է հուլիսի 19-26-ը, որի ընթացքում բուհերում առկա թափուր մնացած տեղերի համար դիմորդները հնարավորություն ունեն վճարովի և անվճար համակարգերով հայտագրել մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:
Դիմորդների այս տարվա ընդունելության առաջին փուլի ամբողջական վերլուծությունը Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի առաջիկայում:
Նշենք, որ 2021-22 ուսումնական տարվա համար բակալավրի կրթական ծրագրով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվել է 1824 անվճար և 21820 վճարովի տեղ։ Դիմորդներն ընդունելության համար կհանձնեն երկու միասնական քննություն:

ԳՊՀ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Facebook Comments