Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումների ապահովմանն նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել են 27 մարտի 2025 թվականի N 341-Ն և 14 օգոստոսի 2025 թվականի N 1115-Լ որոշումները, համաձայն որոնց մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծվում է լրացուցիչ հնարավորություն հեծանիվներ ձեռք բերելու համար, ինչը կծառայի թե՛ հեծանիվը որպես տրանսպորտային միջոց կիրառմանը՝ խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը, թե՛ սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվության և առողջ ապրելակերպի խրախուսմանը:
Ծրագրի շրջանակում շահառու խմբի անդամները կարող են ապառիկով ձեռք բերել հեծանիվ, իսկ վարկի տոկոսադրույքները կսուբսիդավորվի պետական բյուջեի կողմից: Վերնոշյալ միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատակիցները:
Որպես վարկառու կարող է հանդիսանալ ինչպես շահառուն (եթե աշխատող է) այնպես էլ շահառուի ընտանիքի աշխատող անդամը: Օժանդակությունը կտրամադրվի շահառուներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Վարկի առավելագույն չափը սահմանված է 300 հազար ՀՀդրամ՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով:
Վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրելու է ֆինանսական կազմակերպությունը: Վարկերի ձևակերպման պայմանների առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել 27 մարտի 2025 թվականի N 341-Ն և 14 օգոստոսի 2025 թվականի N 1115-Լ ՀՀ կառավարության որոշումներում:
Հեծանիվ վարելու հմտություններ չունեցող ծրագրի մասնակիցների համար Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի կողմից կկազմակերպվեն հեծանիվ վարելու ուսուցման դասընթացներ, որոնց մասին համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (https://escs.am/am/news/31549) պաշտոնական կայքեջում և սոցիալական հարթակներում:
Միջոցառմանը մասնակցության խրախուսման նպատակով Գորիսի պետական համալսարանը ծրագրի շահառուների համար կսահմանի խրախուսման միջոցներ (կրթաթոշակ, հավելավճար, ուսման վճարի զեղչ կամ այլ խրախուսական միջոց)՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում հանրային երթևեկության նոր մշակույթի և առողջ ապրելակերպի ընկալմանը և վարքականոնների փոփոխությանը, ինչպես նաև երթևեկության կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը։
