«ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՍԹՐԵՍԸ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ». ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ՈՒՄ
Ս/թ. հոկտեմբերի 17-ին Գորիսի պետական համալսարանում բանախոսությամբ հանդես եկավ Կոլումբիայի համալսարանի հոգեբանության դոկտոր, հոգեթերապևտ, «Միջազգային մարդասիրական հեռանկարների» ղեկավար, ինտեգրատիվ մեթոդներով բժշկման մասնագետ, բազմաթիվ գրքերի հեղինակ Անի Գալայճեանը:
Բանախոսության ընթացքում հոգեբանության դոկտորը ներկայացրեց մի շարք երկրներում իրականացրած իր գործունեությունը, անդրադարձավ իր հեղինակած գրքերին, ինչպես նաև 1988թ.-ից հետո իրականացրած հետերկրաշարժյան իր հետազոտություններին, որոնց ընթացքում հեղինակն օգնել է մարդկանց հաղթահարել բնական աղետի հետևանքով ստացած հոգեկան վնասվածքները:
Ակտիվ քննարկման միջոցով Ա. Գալայճեանը պատմեց «Իմաստալից աշխարհ» մարդասիրական առաքելության ծրագրի մասին, որի շրջանակում կարևորեց հատկապես իր մշակած 7-քայլանի մոդելը: Բուժական մոդելը ներառում է հետտրավմատիկ ախտորոշումներ, կոնֆլիկտների, բռնությունների, վեճերի, ապրումների, ցնցումների բնորոշում, հետազոտում, գնահատում և հետևանքների վերացման բուժական-հոգեբանական ծրագիր:
Հանդիպման ավարտին հոգեբանը դասախոսներին և ուսանողներին ցուցադրեց մարդու հոգեկան աշխարհը կայունացնող վարժություններ: