«ԺԵՍՏ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԳՊՀ

Օրերս Գորիսի պետական համալսարան այցելեցին ՀՀ-ում իր գործունեությամբ հայտնի «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները: Կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին` առաջին օրերից իր առջև խնդիր դնելով համագործակցել բոլոր այն ոլորտների հետ, որոնք շահագրգիռ են անձի համակողմանի զարգացման հարցում: Այսօր կենտրոնը համագործակցում է բազմաթիվ բուժհիմնարկների և կրթության ոլորտի ամենատարբեր օղակների, այդ թվում՝ ՀՀ և ԱՀ բուհերի հետ:
Գորիսի պետական համալսարանում «Ժեստ»-ի փորձառու մասնագետները՝ կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիամ Մեհրաբյանի գլխավորությամբ, անցկացրին վարպետաց դաս՝ «Հոգեմարմնային խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով:
Հանդիպմանը մասնակցում էին ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները, ուսանողներն ու շրջանավարտները, համալսարանի հրավերով՝ նաև Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի աշխատակիցները:
ԳՊՀ նիստերի սրահում հյուրերին ողջունեց ԳՊՀ պրոռեկտոր Թեհմինա Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով Գորիսի պետական համալսարան այցելելու պատրաստակամության համար: Կարևորելով «Ժեստ»-ի երկարամյա բազմարդյունք ու բազմակողմանի գործունեությունը՝ նա համոզմունք հայտնեց, որ անցկացվելիք վարպետաց դասը իր կիրառական նշանակությամբ կհետաքրքրի լսարանին և հնարավորություն կտա զարգացնելու հոգեբանական մշտապես անհրաժեշտ գիտելիքները: Ելույթ ունեցավ նաև «Ժեստ»-ի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը` ներկայացնելով իրենց թիմի արհեստավարժ հոգեբան-մասնագետներին և «Հոգեբանությունն անիվների վրա» ծրագիրը, որի շրջանակներում կենտրոնի աշխատակիցները վարետության դասեր են անցակացնում ՀՀ-ի և Արցախի բուհերում: Նա նաև շնորհակալություն հայտնեց ԳՊՀ-ի ղեկավարությանն ու ուսանողությանը՝ ջերմ ու ոգևորիչ ընդունելության համար: Կենտրոնի մասնագետները խոսեցին անքնության, ավելորդ քաշի, անորեքսիայի, երեխաների և մեծահասակների շրջանում աղեստամոքսային տրակտում հաճախակի ցավերի, վերջույթների թմրածության և այլ խնդիրների մասին։ Տեսական գիտելիքների ամրապնդման նպատակով հոգեբաններն իրականացրին փորձարարական օգտակար վարժություններ՝ հոգեբանական խնդիրների բուժական գործիքակազմի կիրառումով: Հանդիպման ավարտին ծավալվեց հետաքրքիր քննարկում, մասնակիցները ներկայացրեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան մասնագիտական խորհրդատվություն:

Facebook Comments