ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ՝ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. փետրվարի 19-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին:
Ցերեկույթին ներկա էին բուհի վարչական, դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:
Բացման խոսքով հանդես եկավ Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը: Մեջբերելով Հ. Թումանյանի քառյակը պոետների կանչի և անցողիկության մասին՝ նա նշեց, որ գոյություն ունի կարգ, բայց կան արտակարգներ, և այդպիսի մի արտակարգ է Հովհաննես Թումանյանը, որի կանչը մշտահունչ է: Նա հույս հայտնեց, որ այդ կանչը լինելու է այնքան, քանի կա գեթ մի հայ երկրի երեսին: «Նա նստեց ժողովրդական բանահյուսության, ժողովրդական ստեղծագործության ակունքին, և ինքը դարձավ այդ ակունքը, որից այսօր մենք խմում, սնվում ենք, որ զորանանք, համախումբ լինենք նրա Հազարան բլբուլի շուրջը, իսկ Հազարան բլբուլը գեղարվեստի, մեծ մշակույթի աշխարհն է»:
Ուսանողները անդրադարձան գրողի կյանքին, Վերնատան գործունեությանը, անդամներին, ստեղծագործությանը՝ պոեմներին, բալլադներին, հեքիաթներին, նամակներին, հոդվածներին՝ իրենց խոսքը համեմելով քառյակներով, երգերով:
Ցերեկույթը նախաձեռնել էր Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը:
Ամրապնդելով բուհ- դպրոց կապը՝ ՀՀՄ ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների նախաձեռնությամբ միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան նաև Գորիսի թիվ 6 հիմնական և թիվ 4 ավագ դպրոցների աշակերտները:
Ցերեկույթից հետո ԳՊՀ ուսանողները, դասախոսները հանդիպեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) ներկայացուցիչների հետ, ծանոթացան նրանց գործունեությանը: Օրվա խորհրդին ընդառաջ՝ հանդիպումից հետո միության ներկայացուցիչները ուսանողներին նվիրեցին հեղինակային հրատարակության գրքեր: