ԹԱՆԳԱՐԱՆ – ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Մայիսի 23-ին Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Եղիազարյանին:
Հանդիպմանը ԳՊՀ ռեկտորի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը, ողջունելով գրականագետին, կարևորեց ԳՊՀ֊ի և թանգարանի միջև վերջերս ձևավորված գիտամշակութային կապերը, որի նախաձեռնողը ԳՊՀ֊ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնն է՝ վարիչի ժ/պ Լիլիթ Թունյանի ղեկավարությամբ։
Մարությանը շնորհակալություն հայտնեց Ա.Եղիազարյանին՝ իրենց հրավերն ընդունելու և համալսարան այցելելու համար՝ նախ՝ որպես «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ապա նաև մայիսի 25-ին ԳՊՀ-ում կազմակերպվելիք «Թումանյանի բնաշխարհը» խորագրով ցուցահանդես֊բանախոսության առիթով։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին թանգարանի և համալսարանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերն ու հեռանկարները, որոնք կնպաստեն համայնքի ստեղծագործական ու գիտամշակութային զարգացմանը։