«ԷՐԱԶՄՈՒՍ+» ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Էրազմուս+» ծրագրի ազգային նախագծերի մեկնարկային օրերի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում, որին ներկա են եղել եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ՄԿՈւ ոլորտի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիսի պետական համալսարանի աշխատակիցներ Սոնա Ալավերդյանն ու Մերի Գրիգորյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրին վերաբերող կարևոր միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ:
«Ծրագիրը գալիս է օժանդակելու այն բոլոր թիրախներին և նպատակներին, որոնք սահմանված են նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման համար: Բոլոր այն ծրագրերը և հնարավորությունները, որ այսօր կներկայացվեն, նոր դռներ են բացելու դեպի կրթության այս մակարդակի որակի փոփոխություն և միջազգայնացում՝ որպես Կրթության զարգացման ռազմավարության առանցքային թիրախներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ «Էրազմուս+» ծրագրի ներդրումը նախնական և միջին մասնագիտական ուսումնական համակարգում ենթադրում է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային կապերի հաստատում, համատեղ ծրագրերի մշակում, կրթական բովանդակության բարելավում:
ԵՄ ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը «Էրազմուս+» ծրագրի կարևոր հատկանիշներից մատնանշել է կարողությունների զարգացումը ՄԿՈւ ոլորտում և ձեռներեցության հմտությունների ձեռքբերումը: Ըստ նրա՝ ծրագիրն աջակցում է մասնագիտական հմտությունների զարգացմանը՝ դրանով իսկ նպաստելով որակյալ աշխատատեղերի ստեղծմանը և նորարարության խթանմանը:
Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից, որի նպատակն էր ներկայացնել «Էրազմուս+» դրամաշնորհ ստացած բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական անելիքներն ու ակնկալվող արդյունքներ:
Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍՆ