Էրազմուս+«Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին» (CompIIT) ծրագրի մեկնարկային հանդիպում

Սույն թվականի մարտի 9-10-ը Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի ունեցավ  Էրազմուս+ CompIIT(Իրազեկություններ՝ միտված միջազգային նորարարական նախագծերին)  նախագծի մեկնարկային հանդիպումը: Նախագիծն իրականացվում է Հայաստանի, Գերմանիայի և Բելգիայի համալսարաններից կազմված կոնսորցիումի շրջանակում և համակարգվում է ՀԵՀ-ի կողմից: Նախագծի նպատակն է պատրաստել հայ ուսանողներին միջազգային, թվայնացված և նախագծային աշխատանքային միջավայրին՝ զարգացնելով նրանց նախագծեր իրականացնելու և հաղորդակցման հմտություններն ու ձեռնարկատիրական կարողությունները:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության Ծրագրի պատասխանատու Ռոզալբա Նարդելին, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը, Երևանի հեռահաղորդակցության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանը և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան, որոնք ողջունի խոսքով հանդես եկան` կարևորելով ծրագրի նշանակությունն ու հեռանկարները Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ընդհանրապես և նորարարական կրթության զարգացման գործում մասնավորապես:

ԳՊՀ-ի ռեկտոր Տ. Վանդունցն իր ելույթում նշեց, որ ծրագրի իրականացումը և վերջնարդյունքները կնպաստեն, որ ԳՊՀ-ն դառնա մրցունակ համալսարան հայաստանյան և միջազգային բուհական համակարգում, ունենա թվային ու բարձրագույն տեխնոլոգիաների դարաշրջանին համապատասխան գիտելիքներով ու կարողություններով օժտված աշխատակազմ,  ուսանողներ և շրջանավարտներ:

Հանդիպումը նշանակալից էր նաև նրանով, որ Հայաստանի եվրոպական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի միջև ստորագրվեց և կնքվեց Համագործակցության պայմանագիր, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվում են զարգացնել փոխադարձ և երկարատև համագործակցություն՝ նպատակ ունենալով իրականացնել կրթական, մշակութային և գիտական համատեղ ծրագրեր:

Այնուհետև ծրագրի գործընկեր համալսարանները ներկայացրեցին իրենց բուհերը: ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց ԳՊՀ-ի մասին համապարփակ տեղեկատվություն:

Ըստ օրակարգի ներկայացվեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, որին հաջորդեցին հարցուպատասխան ու քննարկումներ:

Հանդիպման երկրորդ օրը, աշխատանքային քննարկումներից և ամփոփումից հետո շրջայց կատարվեց դեպի ՀԵՀ լաբորատորիաներ և «Ինոթեք» եվրոպական գիտահետազոտական լաբորատորիաներ։

Facebook Comments