ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ
Ս.թ. հունիսի 24-ից հուլիսի 14-ը Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ երաշխավորությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 03.06.2021 թ., թիվ 887-Ա/2 հրաման) հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման ամենամյա դարձած դասընթացը:
Այս տարի դասընթացն աննախադեպ էր. Սյունիքի մարզի տնօրենների և այդ պաշտոնին հավակնող ուսուցիչների համար այն, թերևս, տեղում առկա միակ վերապատրաստման հնարավորությունն էր: Դասընթացն իրականացվեց ուսումնառության երեք ձևաչափերով՝ առկա, համակցված և հեռավար, որին մասնակցեցին 18 ունկնդիրներ՝ 13 առկա և 5 հեռավար, համակցված ձևաչափերով: Առաջին անգամ դասընթացին մասնակցեցին ոչ միայն Սյունիքի մարզի հանրակրթության ոլորտի ներկայացուցիչները, այլև Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր գործընկերները:
Դասընթացն իրականացվել է ԳՊՀ-ի կողմից մշակված և ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից հաստատված ուuումնական ծրագրի ու թեմատիկ պլանի հիման վրա մոդուլային-կրեդիտային համակարգով՝ 110 ժամ ընդհանուր ծանրաբեռնվածությամբ, որը ներառում է վերապատրաստման բովանդակության պարտադիր` իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական գիտելիքների, ինչպես նաև ուսուցման մեթոդաբանության և գործնական կարողությունների ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված բաղադրիչներ: Դասընթացը ներառում է նաև երկու կամընտրական մոդուլներ, թեմատիկ նյութեր, առաջադրանքներ և թեստեր:
Հուլիսի 22-ին ԳՊՀ-ի նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննություններին նախապատրաստելու նպատակով կազմակերպված պետական վերապատրաստման դասընթացի արդյունքների ամփոփիչ միջոցառումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը: Նա կարևորեց ԳՊՀ-ի կողմից նման ձևաչափով մասնագիտական վերապատրաստման շարունակաբար կազմակերպումը, որը լուրջ հնարավորություն է հավակնորդների կողմից բարձր արդյունքներ արձանագրելու և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ձեռք բերելու համար:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց ունկնդիրներին՝ Գորիսի պետհամալսարանում վերապատրաստվելու համար, նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում համալսարանն իր ողջ մասնագիտական ու ռեսուրսային գործիքակազմը ներդրել է որակյալ դասընթացի կազմակերպման համար, ինչը, կարծում ենք, հաջողվել է, և դա են վկայում նաև համապատասխան արձագանքները: Նա հերթական անգամ երախտագիտություն հայտնեց վերապատրաստողներին, բարձր գնահատեց գործընթացը համակարգող, ԳՊՀ-ի մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արփինե Դինունցի աշխատանքը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դասընթացի համակարգող Ա.Դինունցը՝ նշելով, որ շարունակաբար աշխատանքներ են տարվել վերապատրաստման դասընթացի բովանդակության, ձևաչափի բարելավման ուղղությամբ՝ ունկնդիրների մոտ ձևավորելով յուրաքանչյուր մոդուլի համար նախատեսված կոմպետենցիաները:
Ելույթներ ունեցան նաև Սյունիքի մարզի համայնքները ներկայացնող դասընթացի մասնակիցներն ու ԳՊՀ-ի կողմից ընտրված վերապատրաստող մասնագետները: Նրանք երախտագիտություն հայտնեցին ԳՊՀ ղեկավարությանը՝ ի դեմս ռեկտոր Ա.Ղուկասյանի, գործընթացը համակարգող Ա.Դինունցին և վերապատրաստող մասնագետներին՝ ներդրված անմնացորդ ջանքերի, աշխատանքային ակտիվ ու գործնական մթնոլորտի, կազմակերպչական բարձր մակարդակի և ձեռքբերված կայուն կոմպետենցիաների համար՝ կարևորելով, որ հենց Սյունիքի մայր բուհում իրենք մասնակցեցին նմանօրինակ դասընթացի:
Հանդիպման ավարտին ռեկտոր Ա.Ղուկասյանը դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց վկայագրեր, իսկ վերապատրաստող մասնագետներին՝ հավաստագրեր: