«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՉՄԵՐՈՒԿ-2026» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ 

Ապրիլի 30-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ-2026» միջոցառումը, որի շրջանակում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Գորիս քաղաքի  թիվ 1 միջնակարգ, թիվ 4 ավագ և Գորիսի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի 12 միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ:

Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառումը, որի նպատակն է խթանել ինտելեկտուալ շարժման տարածումը դպրոցներում, սերտացնել աշակերտների և ուսանողների միջև շփումն ու համագործակցությունը, ինչպես նաև նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, կազմակերպել էր Գորիսի պետական համալսարանի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժինը՝ բուհի ուսանողական կառույցների հետ համագործակցությամբ:

Աշակերտական ինտելեկտուալ թիմերը նախքան խաղ-մրցույթի սկսվելը ուսանողների ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, եղան Փափուկ հմտությունների լաբորատորիայում, Երկրատեղեկատվական և էներգետիկայի լաբորատորիայում, CompIIT թվային սենյակ-լաբորատորիայում, ֆիզիկայի լաբորատորիայում, Քաղաքացիական կրթության կենտրոնում, գրադարանում, ծանոթացան կրթական միջավայրին, համալսարանի ենթակառույցներին, մասնագիտական լսարան-կաբինետներին: Ամբիոնների ներկայացուցիչները աշակերտներին ծանոթացրին ԳՊՀ-ում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական կրթական ծրագրերին, այն հնարավորություններին, որ բուհն է առաջարկում իր ուսանողներին: Հաջողության պատմությամբ կիսվեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ուսումնառության փորձ ունեցող ուսանողը՝ ներկայացնելով այն հնարավորությունները, որոնք ծրագիրը տալիս է ուսանողներին (այդ թվում՝ հմտությունների զարգացում, ընկերների ձեռքբերում, ճանապարհորդություն և այլն)։

«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ-2026» միջոցառմանը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ Գորիսի պետական համալսարանը, հավատարիմ իր առաքելությանը, շարունակաբար զարգանում է ժամանակի պահանջներին համընթաց՝ ձևավորելով այնպիսի կրթական միջավայր, որը հնարավորություն է տալիս պատրաստել մրցունակ, որակյալ և աշխատաշուկայում պահանջված մասնագետների։

Մրցույթի անցկացման հսկողությունն իրականացնում էր մրցութային հանձնաժողովը, որի նախագահը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Գորիսի թիմի ավագ, ԳՊՀ դասախոս Նարեկ Մնացականյանն էր, իսկ կազմում ընդգրկված էին Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սյուզաննա Հայրապետյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մանե Արջունցը:

Թիմերն աչքի ընկան բովանդակալից քննարկումներով հագեցած խաղով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու իրենց ինտելեկտուալ ներուժը, զարգացնելու արագ կողմնորոշվելու կարողությունն ու ցուցադրելու մտքի ճկունությունը։

Խաղ-մրցույթը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում մրցանակային 1-ին տեղ գրաված թիմին՝ Ա․ Սարգսյանի անվան Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցին, հանձնվեց «ԳՊՀ ռեկտորի գավաթ–2026» մրցանակը և համապատասխան հավաստագիր, իսկ մյուս թիմերը ստացան մասնակցության շնորհակալագրեր:

«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ-2026» խաղ-մրցույթի հաղթող թիմի դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին ԳՊՀ խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը, իսկ մրցութային հանձնաժողովի նախագահ Նարեկ Մնացականյանը գիրք նվիրեց մրցութային 3-րդ տեղը զբաղեցրած թիմին՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցին:

Facebook Comments