«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ

Ս.թ. ապրիլի 19-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» միջոցառումը, որի շրջանակներում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ Գորիս քաղաքի 2 ավագ և Գորիսի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի 12 միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ:

Արդեն ավանդույթ դարձած միջոցառումը, որի նպատակն էր խթանել ինտելեկտուալ շարժման տարածումը դպրոցներում, սերտացնել աշակերտների և ուսանողների միջև շփումն ու համագործակցությունը, ինչպես նաև նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, կազմակերպել էր Գորիսի պետական համալսարանի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժինը՝ բուհի ուսանողական կառույցների հետ համագործակցությամբ:

Աշակերտական ինտելեկտուալ թիմերը նախքան խաղ-մրցույթի սկսվելը ուսանողների ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, եղան նորաբաց ՔԿԿ (Քաղաքացիական կրթության կենտրոն) և ԱԴՄ (Անգլերենը՝ դասավանդման միջոց), կենտրոններում, ծանոթացան համալսարանի ենթակառույցներին, մասնագիտական լսարան-կաբինետներին, գրադարանին, էլեկտրոնային լսարաններին, ուսումնական լաբորատորիաներին: Շրջայցի ընթացքում աշակերտական ինտելեկտուալ թիմերը հյուրասիրվեցին ուսանողական սննդով:

«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» միջոցառմանը ԳՊՀ ռեկտոր, տ․գ․թ., դոցենտ Տիգրան Վանդունցը ողջունեց հյուրերին՝ տարածաշրջանի համար կրթական, գիտական, մշակութային, տնտեսական կարևոր նշանակություն ունեցող կրթօջախում գտնվելու համար: «Արդեն 57 տարեկան մեր  համալսարանը իր ողջ գործունեության ընթացքում կուտակել է բարձրագույն կրթություն իրականացնելու հսկայական փորձ և այժմ էլ իր մասնագիտական կրթական ծրագրերով մեծ պատասխանատվությամբ շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ ապահովել որակյալ կրթություն, պատրաստել տարածաշրջանի աշխատաշուկայի ժամանակակից  պահանջները բավարարող ռացիոնալ մասնագետներ: Աշխատաշուկայում պահանջված մասնագետ դառնալու համար ԳՊՀ-ն հիմնարար և հուսալի միջավայր է»,-իր խոսքում նշեց ռեկտոր Տ. Վանդունցը:

Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի մասնագետ, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Անի Գալստյանը աշակերտներին ներկայացրեց ԳՊՀ-ի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման մասնագիտությունների ցանկը, ուսման վարձավճարները և ընդունելության քննությունները:

Մրցույթի անցկացման հսկողությունն իրականացնում էր մրցութային հանձնաժողովը, որի նախագահը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Գորիսի թիմի լավագույն գիտակ, ԳՊՀ դասախոս Նարեկ Մնացականյանն էր, իսկ կազմում ընդգրկված էին Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ  Արփինե Դինունցը, Բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Աթաբեկյանը և ՈՒԽ նախագահ Մոնիկա Զիլֆուղարյանը:

Դպրոցականների համար անչափ հետաքրքիր և բովանդակալից ինտելեկտուալ խաղն անցավ հաճելի մթնոլորտում։

Խաղ-մրցույթը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում մրցանակային 1-ին տեղ գրաված թիմին՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցին, հանձնվեց «ԳՊՀ ռեկտորի գավաթ–2024» մրցանակը և համապատասխան հավաստագիր, իսկ մյուս թիմերը ստացան մասնակցության շնորհակալագրեր:

«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» խաղ-մրցույթի հաղթող թիմի դպրոցի գրադարանին Գորիսի գրախանութի տնօրեն Վահագն Կարապետյանը նվիրեց Վ. Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը, իսկ ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը նվիրեց մրցութային 2-րդ տեղ զբաղեցրած  թիմին՝ Տեղի Ա. Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցին:

Facebook Comments