ԴԵԿԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՊՀ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանի երկու ֆակուլտետների խորհուրդներում գումարվեցին նիստեր՝ դեկանների ընտրության օրակարգով: ԳՊՀ դեկանի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի համար դիմել էր մեկ թեկնածու՝ կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Սյուզաննա Հայրապետյանը, իսկ բնագիտական ու ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի համար՝ դեկանի ժ.պ, ք.,գ.թ., դոցենտ Լիլիթ Աթաբեկյանը: Երկու թեկնածուներն էլ մրցույթին մասնակցում էին ինքնաառաջադրմամբ:

Նիստերը նախագահեց ռեկտոր Տ.Վանդունցը: Դեկանի թեկնածուները ֆակուլտետային խորհուրդներին ներկայացրեցին ֆակուլտետների զարգացման հայեցակարգի ծրագրային հիմնադրույթները, պատասխանեցին անդամների հարցերին: Եղան առանձին ելույթներ և դիտարկումներ: Արդյունքում փակ(գաղտնի) քվեարկության արդյունքներով՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց մրցույթին դիմած միակ թեկնածուն՝ Սյուզաննա Հայրապետյանը՝ 9 կողմ, 1 դեմ, 2 անվավեր ձայնով, իսկ բնագիտական և ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ դեկանի ժամականավոր պաշտոնակատար Լիլիթ Աթաբեկյանը՝ 14 կողմ ձայնով:
Ռեկտոր Վանդունցը, ամփոփելով ընտրությունների արդյունքները, շնորհակալություն հայտնեց նաև հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը շուրջ երեք տարի ղեկավարած Ս.Մանուչարյանին՝ կատարած աշխատանքի համար:
Նշենք, որ դեկանի ընտրության արդյունքները սահմանված ընթացակարգով հաստատվում են համալսարանի գիտական խորհրդում:

Facebook Comments