ԴԱՏԱԽԱՂ ԳՊՀ-ՈՒՄ. ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՔԿԱԳ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ

Հունիսի 12-ին Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս Արկադի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Գորիսի պետական համալսարանում առկա ձևաչափով անցկացվել է դատախաղ, որի նպատակն էր տեսական գիտելիքների ամրապնդումն ու դրանց գործնական կիրառման հմտությունների զարգացումը։

Դատախաղին մասնակցել են բակալավրի կրթական ծրագրով 3-րդ և մագիստրոսի կրթական ծրագրով 1-ին կուրսերի «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրի ուսանողները, որոնք բաժանվել էին հավասարապես՝ ձևավորելով երկու թիմ: Ուսանողները ստանձնել էին դատավորի, դատական նիստի քարտուղարի, հայցվոր ու պատասխանող կողմերի ներկայացուցիչների դերերը՝ հնարավորինս իրական պայմաններում վերարտադրելով քաղաքացիական և վարչական դատավարության ընթացքը։

Դատախաղի ընթացքում քննության են առնվել Արարատի համայնքապետարանի և ՔԿԱԳ բաժնի նախկին պետ Վահագն Սուրենի Մինասյանի միջև ծագած երկու իրավական վեճեր՝ գործադուլի օրինականության և աշխատավարձի ու ստաժի հաշվարկման վերաբերյալ։

Սկզբնական հայցի շրջանակում (գործադուլ) Արարատ համայնքի ղեկավարի կարգադրությամբ Վ. Մինասյանը նշանակվել էր ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ: Համայնքի ղեկավարի պ/կ Ա. Նավասարդյանը գրավոր բացատրություն էր պահանջել բաժինը փակ պահելու, «Գործադուլ» պաստառ փակցնելու և քաղաքացիներին ու պետական մարմիններին առանց սպասարկման թողնելու համար: Վ. Մինասյանը պատասխանել էր, որ բազմիցս բարձրացրել է աշխատավարձի սխալ հաշվարկման հարցը, իսկ գործադուլի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ: Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործադուլը դադարեցված է եղել, իսկ աշխատակիցն ազատվել էր պաշտոնից իր դիմումի համաձայն: Համայնքապետարանը պահանջում էր գործադուլը ճանաչել անօրինական:

Հակընդդեմ հայցով (աշխատավարձ և ստաժ) Վ. Մինասյանը, մինչ բաժնի պետ դառնալը, համայնքապետարանում անցել էր աշխատանքային ուղի (ժ/պ, գլխավոր մասնագետ, իրավաբան): Հետագայում նրան առաջարկվել էր պաշտոնավարել որպես ՔԿԱԳ բաժնի պետ՝ 280,000 ՀՀ դրամ աշխատավարձով: Աշխատակիցը պնդում էր, որ համայնքապետարանը սխալ է հաշվարկել իր երկար տարիների ստաժի հավելավճարը և թերի վճարելով աշխատավարձը՝ կուտակել է 1,450,000 ՀՀ դրամի պարտք: Համայնքապետարանը պնդում էր, որ պարտավորությունը պատշաճ կատարված է:

Դատարանի որոշմամբ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջով վարույթը կարճվել է, իսկ Վահագն Սուրենի Մինասյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել։ Վճռով սահմանվել է նաև աշխատավարձի, տուժանքի, փաստաբանի վարձատրության և պետական տուրքի հետ կապված գումարների բռնագանձում ու բաշխում։

Դատախաղը ուսանողներին հնարավորություն է տվել գործնականում կիրառելու ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, խորացնելու դատավարական գործընթացների վերաբերյալ պատկերացումները, հասկանալու սկզբնական և հակընդդեմ հայցերի փոխկապակցվածությունը, ինչպես նաև զարգացնելու մասնագիտական հաղորդակցման, իրավական վերլուծության և փաստարկման հմտությունները։

Facebook Comments