ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԳՊՀ-ՈՒՄ

Այսօր Գորիսի պետական համալսարանում կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի «Լեռներից այն կողմ» գրքի շնորհանդեսը:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան դասախոսներ, աշխատակիցներ, գրողներ, մտավորականներ, ուսանողներ, հյուրեր, որոնք բարձր գնահատեցին երիտասարդ հեղինակի առաջին փորձը:
Խոսելով գրքի բովանդակության մասին՝ ներկաները նշեցին, որ վիպակը սրտաթրթիռ ապրումների, իրական խոհերի, հույզերի, անդադրում հարցերի, չստացված պատասխանների և չհաղթահարված իրականության ստեղծաբանություն է, որը ոչ միայն փաստական իրողություններ է արձանագրում, այլ նաև մեր հավաքական հիշողության մի մասն է կազմում:
Անդրադառնալով գեղարվեստական առանձնահատկություններին՝ ընդգծեցին այն փաստը, որ հեղինակը կարողացել է փոքր դրվագներն այնպես ճկուն ներկայացնել, որ դրանից չեն տուժել և՛ հերոսները, և՛ նրանց գործողությունները, և չի տուժել նաև ժամանակաշրջանի պատկերումը:
Հեղինակը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իր կյանքի կարևորագույն օրերից մեկին իր կողքին լինելու և քաջալերելու համար: Խոսելով գրքի նախապատմության մասին՝ նա մտովի տեղափոխվեց 2020-2023 թվականներ, երբ պատերազմի ծանր օրերը, կամավորական շարժման մասնակից լինելը, սարսափելի տեսարանները և դրանց հետապնդող հիշողությունները թողել էին անջնջելի հետքեր: «Կան պատմություններ, որոնք երբեք մեզ հանգիստ չեն տալիս, և որքան էլ դրանք ավարտվեն, մենք դրանցից ազատվելու միջոց չենք գտնում։ Ամեն մեկս մեր ապրումներից ազատվելու ճանապարհ պետք է գտնենք, և ես գտա իմը՝ գրելով այս գիրքը»,- ամփոփեց Անի Ղազարյանը։
Շնորհանդեսին ներկա էին ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները, հեղինակի հարազատները, ուսանողներ, հյուրեր։
Միջոցառումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ ամփոփվելով հեղինակային ստորագրությամբ գրքերի բաշխմամբ: