ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթական գործի պատասխանատուներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Սեպտեմբերի 1-ը յուրահատուկ տոն է բոլորիս համար՝ հագեցած օրվա խորհրդին համարժեք լուսավոր զգացումներով, գիտելիքի՝ որպես մեր կյանքի հիմքերն ամրացնող կարևոր նախադրյալներից մեկի զարգացման ու ամրապնդման խոր գիտակցումով, նոր սկիզբ է՝ կրթագիտական ու ստեղծագործական տքնաջան ու բեղուն աշխատանքի համար:
Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ, քանզի դուք եք ուսանողության այն նոր սերունդը, որի հետ մենք վերանորոգ հույսեր ենք կապում՝ հայրենիքի վաղվա օրը տեսնելով ձեր մեջ: Հանձն առնելով ԳՊՀ-ում բարձրագույն կրթություն ստանալու և հետագայում մարզի աշխատաշուկան համալրելու պատասխանատու առաքելությունը՝ դուք հայրենանվիրումի գործնական նախաքայլերն եք կատարում, որոնց կենսագործման ճանապարհին բուհը իր մասնագիտական ողջ ներուժով կանգնած կլինի ձեր կողքին՝ պատրաստակամ տալու առավելագույնը: Մաղթում եմ ձեզ նպատակասլացություն՝ պատասխանատվությամբ ներգրավվելու ուսումնառության գործընթացին, պատրաստակամություն՝ զինվելու մասնագիտական գիտելիքներով ու կարողություններով, ունենալ ակտիվ ուսանողական տարիներ, որոնք ձեզ կտան մասնագիտական ուժերի իրացման բազում հնարավորություններ ու հեռանկարներ:
Այս ուսումնական տարում մենք կնշենք նաև Գորիսի պետական համալսարանի՝ Սյունիքի մայր կրթօջախի հիմնադրման 55-ամյակը, ինչը ևս մեկ հնարավորություն է՝ տասնամյակների մեր ձեռքբերումները արժևորելու, մեր երախտավորներին հիշելու, մեծարելու, համալսարանի առանձնահատուկ դերը մարզի գիտակրթական, հասարակական ու մշակութային կյանքում կարևորելու, արվածն ամփոփելու և առաջ շարժվելու համար:
Սիրելի՛ գործընկերներ, որակյալ կրթության ապահովումը օրախնդիր է առավել, քան երբևէ, ուստի նոր ուսումնական տարում իրականացնենք մեր առաքելությունը կրկնակի նվիրումով՝ հանուն մեր բուհի առաջանցիկ ու կայուն զարգացման, մեր հայրենիքի առջև ծառացած արդի մարտահրավերների դիմակայման, մարզի կրթագիտական ու մշակութային զարգացման:
Բարի՛, հաստատակա՛մ ու արժանապատի՛վ երթ բոլորիս: