ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Հարգարժա՛ն տիկին Գևորգյան,

Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ, որը լուրջ ստուգատես է՝ ներկայացնելու բուհի դարատև գործունեության տարբեր փուլերի արդյունքը, ձեռքբերումներն ու հաջողությունները, կրթության և գիտության ոլորտներում ունեցած մեծ ավանդը և շարունակվող արժեքավոր ներդրումները:

Տասնամյակներ շարունակ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը,որպես մանկավարժական կադրեր թողարկող խոշորագույն ու առաջատար կրթական հաստատություն, իր անունը բարձր է պահել ոչ միայն հայրենիքում, այլև միջազգային ասպարեզներում: Լինելով երկրում բարձրագույն կրթության լավագույն ավանդների ստեղծողն ու շարունակողը, հետամուտ համաեվրոպական բուհական բարեփոխումներին ու գիտական առաջընթացին` այսօր համալսարանը հաջողությամբ իրականացնում է իր ռազմավարական ծրագիրը, որի արդյունավետության վկայությունը զգալի նվաճումներն են, հաստատության հեղինակության շարունակական բարձրացումը, աշխատաշուկայում շրջանավարտների մրցունակությունը, միջազգային կապերի բարձր մակարդակը:

Իր հարյուրամյա գոյության ընթացքում համալսարանն անգնահատելի դեր է խաղացել հայ ժողովրդի ազգային վերածննդի, կրթական բնագավառի, տնտեսության, գիտության ու մշակույթի զարգացման գործում՝ գիտական ու մանկավարժական տասնյակ հազարավոր բարձորակ կադրեր պատրաստելով ամենատարբեր ոլորտների և մասնավորապես՝  հայ դպրոցի համար: ՀՊՄՀ-ում են սկզբնավորվել գիտության ու մշակույթի մի շարք կարևորագույն ուղղություններ, կատարվել բազմաթիվ հետազոտություններ, տպագրվել մեծաքանակ ու մեծարժեք  աշխատություններ, որոնք զգալի ավանդ են գիտության զարգացման գործում: Իր հսկայական ներուժով Հայկական պետական մանկավարժական համալսարանը իրապես մեծ դեր ունի գիտության և կրթության զարգացման մերօրյա առաջնային շեշտադրումների կյանքի  կոչման ու միջազգայնացման գործընթացներում:

ՀՊՄՀ-ի բազայի վրա են ձևավորվել ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական ինստիտուտներ: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցները բարձրագույն կրթություն ունեցող որակյալ կադրերով ապահովելու նպատակով Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1967թ.-ի հոկտեմբերի 1-ի որոշմամբ հիմնադրվեց նաև Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, որի ստեղծումը պատմական կարևոր իրադարձություն էր մարզի հոգևոր-մշակութային կյանքում: Այն իրապես Գորիսի պետական համալսարանի պատմության մի նշանակալից շրջափուլն է՝ իր գիտակրթական ձեռքբերումներով և առաջանցիկ զարգացման նախադրյալներով, որոնց հիմքի վրա հետագայում, որպես ինքնուրույն բարձրագույն ուսումնական հաստատություն, Գորիսի պետական համալսարանը շարունակեց մանկավարժական կադրեր թողարկելու առաջնային առաքելությունը: Ահա թե ինչու յուրաքանչյուրս պատկառանքով ու հպարտությամբ ենք հնչեցնում մեր հոգևոր հարստության շտեմարանի` ՀՊՄՀ-ի անունը, որ հայ ժողովրդի արժանապատիվ գոյության յուրօրինակ խորհրդանիշն է, նրա բարօր ապագայի վկայագիրը:

Վաստակած դարադարձի առթիվ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին մաղթում ենք բազմապատիկ ձեռքբերումներ՝ համոզված, որ հոբելյանը ՀՊՄՀ-ի համար արժանահիշատակ մի ուղենիշ է, որից այն կողմ բացվում են նրա արգասավոր գործունեության էլ ավելի լայն հորիզոններ՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:

Facebook Comments