ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՀԱՅԿՈՒՇ ԱՐԶԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԴՊՐՈՑ»-Ի «ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ»
2021թ. սեպտեմբերի 13-19-ը Երևանում տեղի ունեցավ Նոր Նախիջևան կրթական հիմնադրամի «Երիտասարդ առաջնորդների դպրոց»-ի կրթագործնական դասընթացը, որին մասնակցեցին Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Գորիսի պետական համալսարանների ուսանողները: Գորիսի պետական համալսարանից դասընթացին մասնակցեց ԳՊՀ «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, ուսանողական գիտական ընկերության անդամ Հայկուշ Արզանյանը: Դասընթացին մեկ շաբաթյա տեսական դասերի և շուրջ մեկ շաբաթ տևած հեռավար գործնական աշխատանքի արդյունքում մասնակիցները հեղինակեցին 7 նախագիծ, որոնք ուղղված են հայրենի երիտասարդների մասնագիտական աճին և տարածաշրջանային սոցիալական խնդիրների աջակցությանը։
ԳՊՀ ուսանողուհի Հ.Արզանյանի ներկայացրած «Թիկունքը սահմանի կողքին, թիկունքը սահմանի համար» խորագրով նախագծի նպատակն է հայրենի Խնձորեսկում հիմնել վերնաշապիկների արտադրամաս և արտադրամասի գործունեությունից գոյացած եկամուտը տրամադրել Սյունիքի սահմանային ուղեկալների կահավորմանը:
Սեպտեմբերի 29-ին Երևանում ավարտական ձեռնարկով ամփոփվեց «Երիտասարդ առաջնորդների դպրոց» դասընթացը, որին դասընթացն անցած բոլոր յոթ մասնակիցներին շնորհվեցին «Մասնակցության վկայական»-ներ, իսկ դասախոսական կազմի գնահատման արդյունքում առավել բարձր նիշեր ստացած չորս մասնակիցներին՝ Զարուհի Հովեյանին, Հայկուշ Ազարյանին, Գրետա Գասպարյանին, Արման Գրիգորյանին տրվեց «Կրթաթոշակի հավաստագիր», ըստ որի՝ հաղթողների բանկային հաշիվներին փոխանցվեց 100000-ական ՀՀ դրամի չափով մեկանգամյա կրթաթոշակ:
Ի սրտե շնորհավորում ենք մեր շնորհաշատ ուսանողուհուն՝ կարևոր նախագծի ներկայացման և արժանի պարգևատրման համար, մաղթում նորանոր նվաճումներ: