ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Գորիսի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մեժլումյանը մասնակցել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցին, որը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Մրցութային կարգով ընտրված 25 ուսանողներ՝ ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներից, հնարավորություն են ունեցել մասնակցելու դասընթացներին, ոլորտի փորձագետների հետ հանդիպումներին, ինչպես նաև այցելելու պետական կառույցներ։
Ծրագրի ընթացքում ուսանողները հյուրընկալվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որտեղ ծանոթացել են պաշտպանի գործունեության սկզբունքներին և լիազորություններին։ Նրանք այցելել են նաև ՀՀ սահմանադրական դատարան, հանդիպել ՍԴ նախագահի հետ և ծանոթացել դատարանի գործունեության առանձնահատկություններին։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու ՀՀ ազգային ժողովում, հանդիպելու խորհրդարանի ղեկավարության հետ և ծանոթանալու օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող տարբեր մանրամասների։ Հետաքրքիր քննարկումներ են ծավալվել նաև ՀՀ գլխավոր դատախազությունում, որտեղ ուսանողները հանդիպել են գլխավոր դատախազի հետ և քննարկել դատախազության գործունեության առաջնահերթությունները՝ կապված մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հետ։
Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպումների ժամանակ ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը՝ ուղղելով դրանք ոլորտի լավագույն մասնագետներին։
Ձմեռային դպրոցի ավարտական միջոցառումը կազմակերպվել է երկօրյա հանդիպման ձևաչափով, որի ընթացքում ուսանողները մասնակցել են «Մարդու իրավունքների կիրարկման մեխանիզմներն ու փոփոխությունները», «ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի դերը, մեխանիզմներն ու արդյունավետությունը», «Սահմանադրական դատարանի դիրքորոշումների ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա. անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական համակարգը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան). դատական մոնիթորինգը՝ որպես արդար դատաքննության իրավունքի ապահովման երաշխիք» թեմաներով դասընթացներին:
Ծրագրի ավարտին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուսանողներին հանձնել է մասնակցության հավաստագրեր:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։