ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԱՅՑՈՎ ԱրՊՀ-ՈՒՄ ԷԻՆ

Ս.թ. հոկտեմբերի  14-18-ը Գորիսի պետական և Արցախի պետական համալսարանների միջև  համագործակցային կապերի ամրապնդման շրջանակներում ԳՊՀ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ակադեմիական շարժունության խթանման նպատակով մեկշաբաթյա այցով Արցախի պետհամալսարանում էին:
ԱրՊՀ-ում նրանք մասնակցեցին նույն կրթական ծրագրի  «Տեսական և գործնական հնչունաբանություն» մասնագիտական դասընթացին, որը վարում էր ԱրՊՀ ռոմանագերմանական լեզուների ամբիոնի ավագ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանը, որ համատեղությամբ աշխատում է նաև Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնում, այնպես էլ ուսումնական պլանով նախատեսված մասնագիտական մյուս առարակաների դասաժամերին: Դասընթացների շնորհիվ ուսանողները բարելավեցին գործնական ու տեսական գիտելիքները, անգլերեն լեզվի բանավոր հաղորդակցության ու թարգմանություններ կատարելու կարողությունները:
Այցելության ընթացքում ուսանողները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան շենքային պայմաններին, նորագույն տեխնոլոգիաներով և անհրաժեշտ գրականությամբ կահավորոված լսարաններին, իսկ առավել տպավորիչը նրանց համար բուհի անգլերենի կենտրոնն էր` կահավորված անգլիական մշակույթն ու կենցաղը ներկայացնող գրականությամբ, իրերով:
Այսօր Գորիսի պետական համալսարանում ԱրՊՀ այցելած ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց հանդիպում, որի ընթացքում ուսանողները ԳՊՀ ղեկավարությանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրին Արցախի պետական համալսարան այցելության տպավորությունները, ունկնդրած դասընթացների արդյունավետությունը, հետագա մասնագիտական համագործակցության հնարավորությունները:
Ուսանողներին ողջունեց և ակադեմիական շարժունության խթանման առաջին քայլերը կարևորեց ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը: Նա նշեց, որ նման փոխայցերը, դասավանդման նոր մոտեցումներին ու մեթոդներին ծանոթանալը, մասնագիտական որակավորման ընթացքի, ուսումնական գործընթացի համեմատական վերլուծություն կատարելը շատ կարևոր են մասնագիտության մեջ կայանալու համար, ինչպես նաև նման հանդիպումները հրաշալի հարթակ են ուսանողական նոր համագործակցությունների ձևավորման, ընկերների ձեռքբերման համար: Սա առաջին փորձն է, որը պետք է զարգացնել, դարձնել շարունակական և շարժունության հնարավորություն ստեղծել նաև մյուս մասնագիտությունների ուսանողների համար:

Facebook Comments