ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ» ՓԱՌԱՏՈՆԻՆ

Ս/թ. մայիսի 6-ին Վանաձորի պետական համալսարանում անցկացվեց «Ուսանողական գարուն» ամենամյա փառատոնը, որին մասնակցեցին Վանաձորի, Գորիսի, Գավառի, Դիլիջանի և Ստեփանավանի միջին և բարձրագույն կրթական հաստատությունների երիտասարդներ: Փառատոնի նպատակն էր գրական-մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և  գեղագիտական ճաշակի խթանումը:

ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը, ներկա գտնվելով միջոցառմանը, շնորհակալություն հայտնեց ՎՊՀ-ին փառատոնի կազմակերպման համար և ընդգծեց, որ այն հնարավորություն տվեց ընդլայնել մարզերում գտնվող քոլեջների ու համալսարանների միջև համագործակցությունը, ուսանողներին` նորովի բացահայտել իրենց կարողությունները:

Փառատոնի ժամանակ ԳՊՀ-ն ներկայացրած ուսանողուհիներ Մարսելա Բաբաջանյանը («Անգլերեն լեզու և գրականություն»), Մանանա Բաղդասարյանը («Հայոց լեզու և գրականություն») և Անի Ղավալբաբունցը («Հայոց լեզու և գրականություն») մեծ ուրախությամբ փաստեցին, որ «Ուսանողական գարունը» լավագույն հարթակ է երիտասարդների համախմբման և նոր ընկերների ձեռքբերման համար:

Նշենք, որ փառատոնի մեներգեցողության մրցույթում (սիրողական) հաղթող է ճանաչվել Մ. Բաբաջանյանը, իսկ Մ. Բաղդասարյանն ու Ա. Ղավալբաբունցը ստացել են շնորհակալագրեր ասմունքի մրցույթին մասնակցելու համար:

Facebook Comments