ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ «ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի համար անցկացվեց դասընթաց՝ «Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ» թեմայով։

Դասընթացը վարեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ. գ. թ. Սյուզաննա Պետրոսյանը:

«Առաջնահերթություններ սահմանելու և որոշումներ կայացնելու հմտություններ» թեմայով դասընթացն ուղղված էր մասնակիցների՝ առաջնահերթություններ սահմանելու և հիմնավորված որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը: Մասնակիցները կատարեցին նախաթեստ՝ պարզելու, թե որքանով են տիրապետում առաջնահերթություններ սահմանելու, ժամանակը արդյունավետ կառավարելու և որոշումներ կայացնելու հմտություններին։ Քննարկվեցին այն կարևոր գործոնները, որոնք նպաստում են առաջնահերթությունների սահմանմանը։ Աշխատակիցները ծանոթացան նպատակների ձևակերպման գործիքներից մեկին՝ «SMART» սկզբունքին, որի համաձայն նպատակները պետք է լինեն կոնկրետ, չափելի, հասանելի, իրական և ժամանակային սահմանումներով: Քննարկվեց ամենօրյա պլանավորման կարևորությունը՝ որպես ժամանակը արդյունավետ կառավարելու հիմնական միջոց։ Ս. Պետրոսյանն անդրադարձավ Էյզենհաուերի մատրիցային, որը հնարավորություն է տալիս գործերը դասակարգել ըստ կարևորության, արդյունավետորեն կառավարել ժամանակը՝ կենտրոնանալով առաջնահերթությունների վրա։

Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան որոշում կայացնելու երեք հիմնական մոտեցումներին՝ ինտուիտիվ, դատողական, ռացիոնալ, և մանրամասն ուսումնասիրեցին ռացիոնալ որոշման կայացման փուլերը՝ սկսած խնդրի ձևակերպումից մինչև արդյունքների գնահատում։

Գործնական առաջադրանքի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին խնդիրներ, որոնց լուծման համար նրանք սահմանեցին առաջնահերթություններ և առաջարկություններ՝ ուղղված խնդիրների լուծմանը:

Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

 

Facebook Comments