ԳՊՀ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ DeSIRe ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի համար անցկացվեցին դասընթացներ՝ «Հուզական և սոցիալական ինտելեկտ» և «Կոնֆլիկտների լուծման հմտություններ» թեմաներով։
Դասընթացները վարեցին ԳՊՀ ընդհանուր մանկավարժության և հատուկ կրթության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Նազելի Հախվերդյանը և ԱԿՀԼ բաժնի արտաքին կապերի և համագործակցության հարցերով պատասխանատու Անահիտ Բաղդասարյանը:
Ն. Հախվերդյանը ներկայացրեց հուզական և սոցիալական ինտելեկտի հիմնական բաղադրիչները, անդրադարձավ դրանց միջև եղած սերտ կապին, ինչպես նաև խոսեց հուզական ինտելեկտի կարևորության մասին՝ ընդգծելով դրա դերը հույզերի և սթրեսի արդյունավետ կառավարման, հաղորդակցման բարելավման, բարձր ինքնագնահատականի և ինքնավստահության ձևավորման, կոնֆլիկտների լուծման ու հոգեկան առողջության պահպանման գործում։
Դասընթացի ընթացքում Ն. Հախվերդյանը ներկայացրեց նաև «Հուզական և սոցիալական ինտելեկտի մակարդակների ուսումնասիրություն ԳԳՊՀ-ում» հետազոտությունը, որն իրականացվել է Էրազմուս+ ՀԳ2 ԿԶԲԿ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում։ Նա ընդգծեց, որ հետազոտությունը հիմնված է համալսարանի աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ անցկացված ինքնագնահատման հարցաշարերի արդյունքների վրա, որոնք հնարավորություն են տվել բացահայտելու ԳՊՀ-ում հուզական և սոցիալական ինտելեկտի ընդհանուր մակարդակը:
«Կոնֆլիկտների լուծման հմտություններ» դասընթացի նպատակն էր վերլուծել կոնֆլիկտների առաջացման պատճառներն ու դինամիկան, տարբերել դրանց կառուցողական և քայքայիչ ձևերը, զարգացնել համագործակցային մտածողություն և խնդիրների համատեղ լուծման հմտություններ, ինչպես նաև խթանել արդյունավետ հաղորդակցություն և ակտիվ լսում՝ որպես կոնֆլիկտների կառավարման և կանխարգելման հիմնական գործիքներ։
Դասընթացի ընթացքում Ա. Բաղդասարյանը ներկայացրեց կոնֆլիկտների տեսական հիմքերը՝ անդրադառնալով Դանիել Կատցի տեսությանը, կոնֆլիկտների տեսակներին և մակարդակներին։ Մասնակիցները ծանոթացան Թոմաս Քիլմանի մոդելին՝ ուսումնասիրելով կոնֆլիկտային վարքի հինգ հիմնական ոճերը։ Նրանք վերլուծեցին իրենց անձնական վարքային նախընտրությունները՝ քննարկելով, թե որ ոճն է առավել բնորոշ իրենց, որ իրավիճակներում է այն նպաստում կոնֆլիկտի հաղթահարմանը և երբ կարող է խոչընդոտել արդյունավետ հաղորդակցությանը։ Դասընթացավարն անդրադարձավ նաև Դանիել Գոլմանի հուզական ինտելեկտի մոդելին, ներկայացրեց հիմնական բաղադրիչները՝ ընդգծելով դրանց դերը կոնֆլիկտների արդյունավետ կառավարման և աշխատանքային միջավայրում ներդաշնակ հարաբերությունների ձևավորման գործում։










