ԳՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Նոյեմբերի 17-ին Գորիսի պետական համալսարում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց տոնական միջոցառում՝ նվիրված ուսանողության միջազգային օրվան: Հանդիսությանը ներկա էին ԳՊՀ ռեկտորը, ուսումնական և ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտորը, գիտական քարտուղարը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, դասախոսներ և գեղեցիկ օրը խորհրդանշող համալսարանականները: Տոնի առթիվ ուսանողների մասնակցությամբ կարևորվեց օրվա խորհուրդը, որը համայն աշխարհում պարզապես Ուսանողների միջազգային օրը չէ, այլև համերաշխության ոգեկոչման, երիտասարդության ուժի ու դերի արժանի մեծարման, գնահատման տոն:

Իր շնորհավորանքի խոսքն ուսանողներին հղեց ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը՝ մաղթելով նրանց կատարելագործել մասնագիտական կարողություններն ու արժևորել ստացած գիտելիքները, ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն և պատասխանատվությամբ կրել բուհական կյանքի ձևավորած արժեքները: Ուսանողներին շնորհավորեցին ԳՊՀ գիտական քարտուղար Թ. Մարությանը, հումանիտար և բնագիտական ու ինժեներատնտեսագիտական մասնագիտությունների ֆակուլտետների դեկանի պաշտոնակատարներ Ս. Մանուչարյանը և Լ.Աթաբեկյանը, բանասիրության և պատմաիրավագիտության, օտար լեզուների ամբիոնների վարիչներ Լ. Թունյանը և Լ. Օհանյանը:

Շնորհավորական ելույթներից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Գիտական քարտուղար, մրցութային հանձնաժողովի նախագահ Թ.Մարությանը ներկայացրեց «Լավագույն ուսանող-2022» մրցույթի ներբուհական փուլի արդյունքները: Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի համաձայն՝ մրցույթը անցակցվում է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական: Մրցութային հանձնաժողովը ըստ ոլորտների և կրթական ծրագրերի (բակալավր, մագիստրոս) ՀՀ ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել մեկական հաղթողների փաստաթղթերը` մրցույթի հանրապետական փուլին մասնակցելու համար: Մրցույթի ներբուհական փուլին մասնակցած և հաղթող ճանաչված հինգ ուսանողներ՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելանյա Թևոսյանը,  «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Զախարյանը, «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Լալաբեկյանը, մագիստրոսի կրթական ծրագրով «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Բաբայանը և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սիրվանա Արզումանյանը որպես տարվա «ԳՊՀ լավագույն ուսանողներ» պարգևատրվեցին ռեկտորի պատվոգրերով և դրամական մրցակակներով: Տոնի առթիվ ուսանողության շրջանում ցուցաբերած հասարակական ակտիվության և ուսանողական հետազոտական աշխատանքներում ակտիվ ներգրավվածության համար շնորհակալագրերի և դրամական մրցանակների արժանացան նաև ՈՒԽ նախագահ Կարինե Գրիգորյանը և ՈՒԳԸ նախագահ Հայկուշ Արզանյանը:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև առաջին կուրսեցիների ավանդական երդման արարողությունը, որից հետո նրանք ստացան ուսանողական փաստաթղթերը՝ ստուգարքային գրքույկներն ու ուսանողական տոմսերը: Միջոցառումն ամփոփվեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուի Մարսելա Բաբաջանյանի երգային կատարումներով:

Facebook Comments